«Վերջին դատական նիստում վերջակետ դրվեց Բաքվից արդեն երկու տարի հնչող ստախոսություններինՙ ադրբեջանական կողմի համար որեւէ հիմք չթողնելով այդ ստահոդ լուրերը հաստատելու: Վերջին 2 տարիները Ադրբեջանի համար կարելի է համարել Ռամիլ Սաֆարովի ժամանակաշրջան, քանի որ այդ երկիրը 2 տարի հերոսացրեց նրան», Արմենպրեսի սրահում երեկ հրավիրած ասուլիսում ասաց Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ, պատմաբան Հայկ Դեմոյանը: Սաֆարովի ցուցմունքներն, ըստ Դեմոյանի, պարունակել են այնպիսի տեղեկություններ, որոնց համար Սաֆարովն առնվազն պետք է կանգներ ռազմական դատարանի առջեւ: «Նա բացահայտել է, որ Ադրբեջանի զինուժի ներկայացուցիչները մարտական պատրաստություն են անցնում Հյուսիսային Կիպրոսում: Դատելով Ադրբեջանի կեցվածքից ու մամուլի վերջին հրապարակումներից, ադրբեջանցիներն արդեն գիտակցում են, որ դրությունն այսպես հնարավոր չէ փրկել: Միայն հիշյալ բացահայտումը բավական էր Սաֆարովի գործը փակելու համար: Չի բացառվում, որ թուրքական կողմը ճնշում է գործադրում Ադրբեջանի վրա, զգուշանալով ձգձգվող դատավարության ընթացքում Սաֆարովի հնարավոր նոր բացահայտումներից», հավելեց նա:
Իսկ մեր իրականության մեջ քաղաքական միավորներ ձեռք բերելու նպատակով Գուրգեն Մարգարյանի սպանությունն օգտագործող առանձին մարդկանց Դեմոյանն ասաց. «Մարգարյանի սպանությունը մարդկային ողբերգություն է, չի կարելի այն քաղաքականացնել: Նա, ով Սաֆարովի տհաս գլխի համար գլխագին է առաջարկում, նրա մտավոր կարողությունները պարզ են»:
Փաստաբան Նազելի Վարդանյանը նշեց, որ մարտի 7-ի դատական նիստում լսվել են հունգարացի 2 սպաների վկայությունները, համաձայն որոնց Բուդապեշտում ՆԱՏՕ-ի կազմակերպած դասընթացներին մասնակցող հայերի եւ ադրբեջանցիների միջեւ որեւէ միջադեպ տեղի չի ունեցել: «Դա շատ կարեւոր էր, որովհետեւ դատաքննության ամբողջ ընթացքում ադրբեջանական կողմը պնդում էր, որ հայ սպաները սադրանքի են ենթարկել ադրբեջանցիներին, ինչն էլ հանցագործության գլխավոր պատճառ է դարձել: Այս նիստում ապացուցվեց, որ Սաֆարովի մեղսագործության հիմքում ոչ մի սադրանք չի եղել, եւ նա հանցանքը կատարել է կանխամտածված եւ երկար նախապատրաստվելուց հետո: Դրանով հերքվեց նաեւ Սաֆարովի ինքնապաշտպանության դիմելու դրույթը», ասաց Նազելի Վարդանյանը: Դատական նիստում դատահոգեբանական փորձաքննություն անցկացրած 3 փորձագետներից երկուսը միաձայն հաստատել են, որ Սաֆարովը հոգեկան հիվանդությամբ չի տառապում եւ հանցագործությունը կատարել է սթափ ու գիտակցված: Իսկ երկրորդ փորձագետը շարունակել է պնդել, որ Սաֆարովը գիտակցության միջին աստիճանի սահմանափակում ունի: «Իր ասածը նա փորձում էր հիմնավորել Սաֆարովի անքուն գիշերների, երազների եւ այլ «տառապանքների» մասին խոսելով, ինչի իրավունքը չուներ: Նա դատարանին պետք է ներկայացներ իր անցկացրած հոգեբանական թեսթի արդյունքները, այլ ոչ թե խոսեր Սաֆարովի ապրումների մասին, ինչն արդեն հոգնեցրել էր դատավորին, եւ նա հարկադրված եղավ ընդհատել նրա խոսքը», հավելեց փաստաբանը:
Դատարանը Ռամիլ Սաֆարովին մեղսունակ է ճանաչել Հունգարիայի քրեական օրենսգրքի 166 հոդվածի 4 կետերով, որով նախատեսվում է 10-15 տարի ազատազրկում կամ ցմահ բանտարկություն:
Ապրիլի 4-ին Բուդապեշտում տեղի կունենա դատական վերջին նիստը, իսկ 13-ին կհրապարակվի դատավճիռը:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ