«Հայջրմուղկոյուղին» ամփոփեց 2005 թ.-ի արդյունքները
Անցյալ տարի «Հայջրմուղկոյուղու» կառավարումը ֆրանսիական «Սաուր» ընկերության կողմից ստանձնելուց հետո, երեկ «Հայջրմուղկոյուղու» 2005 թ. գործունեության եւ 2006 թ.-ի նպատակների մասին հաշվետվություն ներկայացրեց ընկերության գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը: Նա նախ հայտնեց, որ առաջին քայլը եղել է ընկերության վերակազմավորումը: Գոյություն ունեցող 36 մասնաճյուղերի փոխարեն ստեղծվել է 4 մասնաճյուղ: Դրանք ենՙ հյուսիս-արեւելյանը (գրասենյակը Սեւանում)ՙ 67300 բաժանորդով, հյուսիս-արեւմտյանը (գրասենյակը Աբովյանում)ՙ 76300 բաժանորդով, կենտրոնական-արեւելյանը (գրասենյակը Արտաշատում)ՙ 84 հազար բաժանորդով, հարավայինը (գրասենյակը Սիսիանում)ՙ 33700 բաժանորդով:
2005 թ.-ին ընկերությանը հաջողվել է որոշ հաջողություններ արձանագրել: Տարեսկզբին ջրավարձերի դիմաց կանխիկ վճարումները կազմում էին 94 տոկոսը, տարեվերջինՙ 16 տոկոսը: Համապատասխանաբար ավելացել են բանկերի միջոցով կատարված վճարումներըՙ 6 տոկոսից հասնելով 84 տոկոսի: Այս տարի կանխիկ եղանակով գումարներ չեն հավաքվելու: Ինչ վերաբերում է ջրավարձեր վճարողների քանակին, ապա տարեսկզբի 50 հազար վճարող բաժանորդի փոխարեն տարեվերջին այդ թիվը կազմել է 90 հազար: Սակայն բաժանորդների ընդհանուր թիվը կազմում է 262 հազար եւ, Պատրիկ Լորենի հավաստմամբ, դեռեւս շատ աշխատանք կա այս ուղղությամբ: 2006 թ.-ին ծրագրված է վճարող բաժանորդների թիվը հասցնել 120 հազարի: Դրան զուգահեռ պետք է շարունակվի ջրաչափերի տեղադրումը, որպեսզի բաժանորդները վճարեն ըստ իրենց սպառած ջրաքանակի: «Ջուրը կտրելու իրավունք չունենք, պետք է փոխենք մարդկանց մտածելակերպը», նշեց Պատրիկ Լորենը: «Հայջրմուղկոյուղու» գլխավոր տնօրենը հայտնեց, որ ջրաչափեր տեղադրելով, հավաքվելիք ընդհանուր գումարը նախատեսվում է հասցնել 2,6 մլրդ դրամի:
Շինարարական աշխատանքներ են կատարվել մի շարք բնակավայրերում: 29 կմ նոր խողովակներ են անցկացվել Վեդիում, Նոյեմբերյանում, Հրազդանում, փոխարինվել կամ նորոգվել են հնացած պոմպեր, շարժիչներ, կապտաժներ եւ այլն: Անցյալ տարվա ընթացքում ջրի որակի մոտ 19 հազար հետազոտություններ են անցկացվել 550 կետերում: Տարեսկզբին 53 տոկոսով ախտահանված ջուրը տարեվերջին 75 տոկոսի է հասցվել: Այս տարի նախատեսվում է այդ ցուցանիշը հասցնել 80 տոկոսի: 2006 թ.-ի առաջնային ծրագրերից են լինելու Դիլիջան եւ Սեւան քաղաքների ջրամատակարարման հիմնովին բարելավումը:
«Հայջրմուղկոյուղու» նոր օպերատորի գործունեությունը լրագրողների հետ զրույցի ժամանակ դրական համարեց նաեւ ջրային տնտեսության կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը: Նրա հավաստմամբ, միջազգային օպերատորը լիովին տիրապետում է համակարգին եւ իրականացնում մենեջմենտը: Նա հույս հայտնեց, որ բոլոր նպատակադրված միջոցառումները կկատարվեն: Կոմիտեի նախագահը տեղեկացրեց նաեւ, որ «Հայջրմուղկոյուղին» դեռեւս 1,3 մլրդ դրամ աջակցություն է ստանում պետական բյուջեից, իսկ Համաշխարհային բանկից ստացված վարկային ծրագրի արժեքն է 23 մլն դոլար, որից մոտ 2 մլն դոլարը ծախսվել է 2005 թ.-ին:
Այն հարցին, թե հնարավո՞ր է, որ «Հայջրմուղկոյուղին» նույնպես դիմի սակագների բարձրացման հայտով, Անդրանիկ Անդրեասյանը պատասխանեց, որ դեռ վաղ է այդ մասին խոսելը եւ երբ կորոշվի էլեկտրաէներգիայի սակագների թանկանալ-չթանկանալու հարցը, այն ժամանակ էլ անդրադարձ կկատարվի այդ հարցին: Սակայն ջրային տնտեսության կոմիտեի նախագահը տեղեկացրեց, որ ներկայումս ընկերությունը ամսական 100 մլն դրամ է վճարում սպառած էլեկտրաէներգիայի դիմաց: Հետեւաբար, դժվար չէ ենթադրել, որ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման դեպքում ջրամատակարար ընկերությունները նույնպես սակագների բարձրացման հայտ կներկայացնեն:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ