Ռեյկյավիկում ընթացող շախմատի միջազգային մրցաշարում հաջող է հանդես գալիս երեւանցի գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը: Մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ Գաբրիելը 6,5 միավորով 1-3-րդ տեղերն է բաժանում նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կառլսենի եւ հնդիկ շախմատիստ Պենտալա Հարիկրիշնայի հետ:
Գաբրիելը երեք անընդմեջ հաղթանակներով մեկնարկեց` հաջորդաբար պարտության մատնելով Դավիթ Խյարթանսոնին, Սերժիո Ռոչային եւ Միլոշ Պավլովիչին: Այնուհետեւ նա ոչ-ոքի խաղաց Կվայնիս Ալոյզասի հետ, հետո մեկ միավոր վաստակեց Պավել Տրեգուբովի հետ մրցավեճում: Վերջին երեք տուրերում Գաբրիելն իր օգտին 2 միավոր գրանցեց` հաղթելով Տիգեր Պերսոնին, ոչ-ոքի խաղալով Հիշեմ Համդոուչիի եւ Շահրիար Մամեդյարովի հետ:
Ավարտական տուրում Սարգսյանը սեւերով մրցելու է առաջատարներից մեկի` հնդիկ գրոսմայստեր Հարիկրիշնայի հետ: Իսկ Մագնուս Կառլսենը սպիտակներով խաղալու է Ահմեդ Ադլիի հետ, որն առաջատարներին զիջում է կես միավորով: Հենց այս երկու պարտիաներն էլ որոշիչ կլինեն մրցաշարի հաղթողին ի հայտ բերելու համար:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ