Սան Դիեգոյում ավարտվեց շախմատի ԱՄՆ-ի առաջնությունը, որի 64 մասնակիցների թվում էին նաեւ հայազգի մի քանի շախմատիստներ: Վարուժան Հակոբյանը, որ 7 տուրից հետո 5 միավորով առաջատարների թվում էր, անհաջող խաղաց ավարտական երկու տուրերում: Նա նախ ոչ-ոքի ավարտեց պարտիան մրցաշարի առաջատար Ալեքսանդր Օնիշչուկի հետ, ապա պարտվեց Իլդար Իբրահիմովին եւ «A» խմբում 5,5 միավորով զբաղեցրեց 6-րդ տեղը: Իսկ «A» խմբի հաղթող դարձավ Ալեքսանդր Օնիշչուկը (7 միավոր): Հենց նա էլ նվաճեց ԱՄՆ-ի չեմպիոնի տիտղոսը` 2 պարտիայից բաղկացած մրցախաղ անցկացնելով «B» խմբի հաղթող Յուրի Շուլմանի հետ (1,5-0,5): Կանանց մրցաշարի հաղթող ճանաչվեց Աննա Զատոնսկիխը` վճռորոշ մրցախաղում 1,5-0,5 հաշվով պարտության մատնելով Ռուսադան Գոլեթիանիին:
Տաթեւ Աբրահամյանը «B» խմբում հանդես եկած 7 շախմատիստուհիների մեջ ցույց տվեց երկրորդ արդյունքը (4 միավոր)` մեկ միավորով զիջելով չեմպիոնուհու տիտղոսին արժանացած Աննա Զատոնսկիխին: Շուշանիկ Հայրապետյանը վաստակեց 3,5 միավոր:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ