IBF-ի վարկածով միջին քաշում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի մենեջեր Վիլֆրեդ Զաուերլանդն առաջարկել է քաշային նույն կարգում WBA-ի վարկածով աշխարհի չեմպիոն Ֆելիքս Շտուրմին օգոստոսի 19-ին մենամարտել հայ բռնցքամարտիկի հետ: Այդ մենամարտի համար Շտուրմի հոնորարը կկազմի 1,2 մլն դոլար:
«Գերմանիայում բռնցքամարտի սիրահարները ցանկանում են պարզել, թե միջին քաշում ո՞վ է իրական չեմպիոնը: Մենք այդ հետաքրքրական մենամարտը ցանկանում ենք կազմակերպել, քանի որ Արթուրը պատրաստ է մրցավեճին: Շտուրմը եւս նվաճել է չեմպիոնի տիտղոսը, ուստի այժմ հնարավորություն կա կազմակերպելու նման մենամարտը», հայտարարել է Զաուերլանդը:
Նշենք, որ Արթուրն իր տիտղոսի պաշտպանության համար հերթական մենամարտը կանցկացնի մայիսի 13-ին Գերմանիայում եւ որպեսզի Շտուրմի հետ մենամարտը կայանա, ապա պետք է անպայման հաղթող ճանաչվի առաջիկա մրցավեճում: Ի դեպ, Արթուր Աբրահամը Երեւանում է եւ այսօր կհանդիպի լրագրողների հետ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ