«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#45, 2006-03-14 | #46, 2006-03-15 | #47, 2006-03-16


ԿԻՆՈՅԻ ՏՈՒՆԸ ՉԻ ՔԱՆԴՎՈՒՄ, ԱՅԼ ՄՏՆՈՒՄ Է ԱՌՋԵՎՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԻ ՏԱԿ

Արդեն մի քանի օր շինարարական ժապավենը փակել է Կինոյի տան գլխավոր մուտքի տարածքը, եւ երեկվա դրությամբ քանդվել է շենքի միայն ճակատային մասը: Շենքը հիմնովին քանդելու մասին շրջանառվող լուրերը հերքող պատասխան ստացանք նախ այնտեղ աշխատող շինարարներից, քանի որ նրանց ղեկավարը տարածքում չէր. «Ո՞վ է ասում շենքը լրիվ քանդելու ենք: Այ, էն կարմիր տուֆը տեսնու՞մ ես,- ասաց բանվորներից մեկը` ցույց տալով քանդված պատուհաններից երեւացող երկրորդ հարկի սրահի տուֆե պատը,- մինչեւ այնտեղ ենք քանդելու, հետո դրա դիմաց բնակելի շենք ենք կառուցելու»: Կինոյի տան շինհրապարակին ծանոթանալուց հետո ուղղվեցինք դեպի Կինոգործիչների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցի աշխատասենյակ, շինարարական եռուզեռի մասին ավելի մանրամասն տեղեկություն ստանալու համար, սակայն նրան գտնել չհաջողվեց: Ու քանի որ Գեւորգյանցը դեմ է հեռախոսով հարցազրույց տալուն, հետեւաբար խոստացավ մեզ հետաքրքրող հարցերին պատասխանել առանձին հանդիպման ժամանակ:

Կինոյի տան նոր նախագծի մասին կինոգործիչների գնահատականները տարբեր են: Կինոգործիչների միության անդամ, օպերատոր Ալբերտ Յավուրյանի ասելով, միության անդամները քննարկել են նախագիծն ու կողմ են քվեարկել: Իրեն հատուկ լավատեսությամբ նա ասաց. «Մեզ խոստացել են Կինոյի տան պայմանները բարելավել, իսկ թե ի՞նչ կունենանք, չեմ կարող ասել: Շենքը չի քանդվելու, այլ մտնելու է սրահի դիմաց կառուցվող 23 հարկանի շենքի տակ: Մեզ, իհարկե, անհանգստացնում է, թե ինչ կստացվի վերջում, բայց վստահ եմ, որ մի քանի տարի հետո շինարարությունը կավարտվի, ու մենք կունենանք նոր դահլիճ, ժամանակակից հարմարավետ պայմաններ»:

Ռեժիսոր մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցը թեպետ կարծում է, որ ստեղծագործական միությունները խորհրդային կարգերի մնացուկներ են եւ դրանց գործունեությունն այլեւս անիմաստ է, սակայն առ այսօր միության կազմից դուրս չի եկել: «Ես թքած ունեմ, թե ի՞նչ են անում Կինոյի տան հետ, ինձ համար կարեւորն այն է, որ «Շարմ» ընկերությունը տեղ ունենա աշխատելու», մեզ հետ հեռախոսազրույցի ժամանակ ասաց նա:

Իսկ ռեժիսոր Տիգրան Խզմալյանը միության անդամությունից հրաժարվել է 90-ականների վերջին, երբ նախատեսվում էր Կինոյի տունը վաճառել ու դարձնել «Մեշոկ պապի» խանութ: «Այն ժամանակ ես կազմակերպեցի արտահերթ համագումար, որից սպասվող աղմուկից վախենալով հրաժարվեցին այդ գործարքից: Դրանից հետո ես անախորժություններ ունեցա ու ստիպված եղա դուրս գալ միության կազմից: Ինձ համար միանգամայն պարզ է, թե այսօր ինչ է կատարվում Կինոյի տանը: Եթե մեկ տարվա ընթացքում 2 կինոստուդիա է փակվում, անխուսափելի էր նաեւ Կինոյի տան վերացումը: Մեզանում կինոն չի պահպանվում, ուր մնաց թե կինոյի տունը: Մենք դեռեւս չունենք քաղաքացիական հասարակություն, չունենք նաեւ կինոհասարակություն, եթե ունենայինքՙ ոչ կինոստուդիաներ կփակվեին, ոչ էլ նման խայտառակ երեւույթներ կկատարվեին», ասաց Տիգրան Խզմալյանը:

Այս տեսակետներից հետո մնում է ավելացնել, որ մեր իրականության մեջ ավելի քան ակնհայտ է ստեղծագործական միությունների շենքերի տարածքում բնակելի, այսպես կոչված «էլիտար» շենքեր կառուցելու միտումը: Կինոյի տան հետեւի շենքին հաջորդեց առջեւինը, որն, ըստ նախագծի, հասնելու է մինչեւ մայթեզր, գետնի տակն ուղարկելով Կինոյի տան դիմացի հաճելի ու փողոցին շնչելու հնարավորություն տվող փոքր հրապարակը: Մեր ունեցած տեղեկություններով, բարձրահարկ շենք է կառուցվելու նաեւ Գրողների միության շենքին կից: Մնում է Կոմպոզիտորների միության տունը: Հիանալի դիրք ունի: Չարժի՞ քանդել, հը՞...

Եթե ստեղծագործական միությունների անդամների հոժար կամքով իրենց սեփականությունը համարվող շենքերը պիտի վերաձեւվեն բնակելի շենքերի, ապա դրանց բուն գործունեության օգտավետությունն իսկապես կասկածի տակ է դրվում:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4