Բջջային կապի շուկան Հայաստանում մրցակցային է դարձել, եւ դա այլեւս կասկածի ենթակա չէ: Սա թերեւս առաջին եւ հիմնական եզրակացությունն է, որին կարելի է հանգել տեսնելով երկու օպերատորներիՙ «Արմենտելի» եւ «Վիվասելի» անհաշտ մրցակցությունը: Մրցակցություն, որն արտահայտվում է ոչ միայն գովազդային արշավներով, զանազան զեղչային առաջարկներով, իջեցվող սակագներով, միմյանց դեմ հնչող հայտարարություններով, այլեւ երբեմն նաեւ հակամրցակցային դրսեւորումներով: Այս ամենը մինչեւ 2005 թ. հուլիսը, երբ «Վիվասելը» մուտք գործեց շուկա, Հայաստանի բնակիչները երեւակայել անգամ չէին կարող:
Սակայն, ինչպես արդեն նշեցինք, երկու օպերատորների մրցակցությունը երբեմն հանգեցնում է հակամրցակցային դրսեւորումների: Եվ եթե «Վիվասելի» կողմից դա եղել է անբարեխիղճ մրցակցություն գովազդային հոլովակում, որն անմիջապես վերացվեց տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին «Արմենտելի» հղած դիմումից հետո, ապա մի շարք առումներով անճանաչելիորեն դեպի դրականը փոխված «Արմենտելն» այստեղ ավելի լուրջ խախտումներ է թույլ տվել: Խոսքը մասնավորապես «Արմենտելի» կողմից իր բաժանորդների նորՙ 1 րոպեն 2 դրամ բոնուսային առաջարկի մասին է:
Մինչ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նիստում այս առթիվ «Վիվասելի» դիմումի քննարկումը, մեր հրապարակումներում այն տեսակետն էինք հայտնել, որ «Արմենտելի» վերոնշյալ առաջարկով ընկերությունը խտրական պայմաններ է սահմանում իր գործընկերոջ նկատմամբ, չարաշահելով գերիշխող դիրքը: Հավանական էինք համարել նաեւ, որ հանձնաժողովը «Արմենտելի» վարքագիծը կհամարի գերիշխող դիրքի չարաշահում: Ինչպես արդեն հայտնի է, հանձնաժողովը հենց այդպես էլ վարվեց: Մասնավորապես, ըստ նրա ընդունած որոշման, «Արմենտելի» վարքագիծը բջջային կապի շուկայում, որը կարող է հանգեցնել տնտեսական մրցակցության սահմանափակման կամ արգելմանՙ իր մրցակցին տվյալ ապրանքային շուկայից դուրս մղելով, որակվեց որպես գերիշխող դիրքի չարաշահում: Կարող ենք ասել, որ այս փուլում երկու օպերատորների հակամարտությունը որոշակի հանգուցալուծում ստացավ: Համենայն դեպս, «Արմենտելը» ոչ մի հայտարարություն չարեց հանձնաժողովի որոշումը բողոքարկելու մասին:
Այսպիսով, վերոնշյալից կարելի է եզրակացնել, որ «Արմենտելը» բջջային կապի ոլորտում որոշ առումներով (ինչպես փոխկապակցման դեպքում) պահպանելով մենաշնորհը, ստիպված կլինի հրաժարվել այն կամայական օգտագործելու գայթակղությունից: Ինչը նշանակում է, որ բջջային կապի շուկայում ստեղծված մրցակցությունն ու սպառողների համար այլընտրանքի հնարավորությունը կպահպանվեն, եւ կբացառվի մի ընկերության կողմից մյուսին «խեղդելու» տարբերակը: Հետեւաբար, կարող ենք նաեւ ենթադրել, որ «Վիվասելի» սակագների վերջին իջեցումը սպառողներին մատուցած վերջին հաճելի անակնկալը չի լինի, եւ նման անակնկալներ կշարունակեն մատուցել երկու ընկերություններն էլ:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ