Իսկ ծննդաբերությունների թվի նվազումը հիմնականում սոցիալական ու արտագաղթի պատճառներով է
Գյումրիում դեռ ի հայտ են գալիս երկրաշարժի հետեւանքները. այսպիսին է բժիշկների ախտորոշումը քաղաքում ու մարզում արատներով ծնունդների դեպքերի վերաբերյալ: Շիրակի տարածքային կառավարման էլեկտրոնային համակարգում զետեղված տեղեկատվությամբՙ հիվանդ երեխաներ ծննդաբերում են այն աղջիկները, ովքեր 88-ի երկրաշարժին եղել են 3-ից 5 տարեկան: Սթրես ապրած աղջիկները, մայրանալով, վատ են տանում նախածննդյան ժամանակաշրջանը եւ բավական վատ են ծննդաբերում: Մինչեւ 2003 թվականը մարզի ծննդատներից Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք տարեկան 50-60 նորածին էր տեղափոխվում: Անցած տարի մինչեւ մեկ ամսական այդպիսի երեխաների թիվը կրկնակի ավելացել էՙ կազմելով բոլոր ծնունդների 4 տոկոսը: Մեծ թիվ են կազմում կանխածիններն ու անհասները, շատ են կյանքի հետ անհամատեղելի դեպքերը: Հիմնականում գերակշռում են սրտի ու ֆիզիկական այլ արատներով նորածինները: Ըստ Ավստրիական հիվանդանոցի բժիշկ, ռեանիմատոլոգ Աշիկ Դալիբալդյանիՙ բնածին արատները հաճախ հետեւանք են դժվար ծննդաբերության: Քիչ չեն դեպքերը, երբ կյանքի հետ անհամատեղելի բնածին արատները ժամանակին հայտնաբերելովՙ արատավոր պտուղը վիժեցնում են, չեն թողնում, որ մայրը ծննդաբերի:
Նույն աղբյուրի մեկ այլ տեղեկատվությամբՙ եթե 2004 թ. Գյումրու ծննդատանն ընդհանուր առմամբ գրանցվել է 2224 ծննդաբերություն, ապա անցյալ տարի այդ թիվը նվազելովՙ կազմել է 1073: Ի դեպ, 2005-ին ծնվածների թվի 65 տոկոսը տղաներ են եղել: Ծնունդների թվի նվազման հիմնական պատճառը սոցիալական վիճակն է, աշխատանք գտնելու նպատակով հատկապես երիտասարդ ընտանիքների արտագաղթը, ասում է Գյումրու ծննդատան մանկաբարձական ծառայության ղեկավար Լիլյա Պողոսյանը: Մյուս կողմից նշվում է, թե ծննդատանը կտրուկ կրճատվել են մոր կամ մանկան մահացության դեպքերը, որոնք այսօր պակաս են միջին հանրապետական ցուցանիշից:
Գ. Մ.