«Հայերենով համաշխարհային շախմատի հանրագիտարան ունենալու մեր երազանքն այսօր արդեն իրողություն է», ասաց նորընծա հանրագիտարանի հեղինակներից մեկը, շախմատի վարպետ Գագիկ Հակոբյանը հրատարակության շնորհանդեսի ժամանակ, որին ներկա էր նաեւ պաշտպանության նախարար, շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը:
Պետության աջակցությամբ չորս հարյուր տպաքանակով լույս տեսած շախմատի հանրագիտարանի հրատարակությունը, որն առաջին փորձն է մեզանում, բավական ընդարձակ լսարանի համար է եւ հասցեագրված է ոչ միայն շախմատիստներին, այլեւ բոլոր նրանց, ովքեր սիրում եւ հետաքրքրվում են այդ հինավուրց խաղով: Հանրագիտարանի հեղինակները` «Արեգ» հրատարակչության տնօրեն Սամվել Գասպարյանը, շախմատի վարպետ Գագիկ Հակոբյանը եւ մշակույթի նախկին փոխնախարար Ռոլանդ Շառոյանը համոզված են, որ 3 կամ 5 տարին մեկ հանրագիտարանը կարիք կունենա թարմացվելու` հատկապես հիմա, երբ մեր շախմատն առաջընթաց է ապրում` աշխարհի հզոր շախմատիստների կողքին նստում են հայերը եւ նվաճում հաղթանակներ. լավագույն ապացույցը Լեւոն Արոնյանի ձեռքբերած հաղթանակն է Լինարեսի մրցաշարում:
Հանրագիտարանը բաղկացած է վեց գլուխներից, ուր ընդգրկված են շախմատի պատմությունից հատվածներ, ներկայացված են աշխարհի 13 չեմպիոններն ու 10 թագուհիները, ականավոր շախմատիստներն ու գրոսմայստերները, շախմատային աշխարհի հայ բնակիչները, շախմատիստների իմացության պարտադիր սկզբնախաղերը եւ հավելվածներ: Լրագրողների հետաքրքրությունը եւս ստացել էր դրական լուծում` հանրագիտարանում անվիճելիորեն ընդգրկված էր նաեւ լինարեսյան մրցաշարի հաղթող Լեւոն Արոնյանը, որի հետ վարպետ շախմատիստներն ու պարզապես ոգեւորված շախմատասերները մեծ հույսեր են կապում: Մասնավորապես Ռոլանդ Շառոյանը լիահույս է, որ հաջորդ հանրագիտարանի լուսընծայման ժամանակ մենք արդեն աշխարհի չեմպիոն կունենանք:
Մտահոգիչ էր միայն այն, որ նաեւ ուսուցողական նշանակություն ունեցող հանրագիտարանն արժե 10 հազար դրամ, որն այնքան էլ մատչելի չէ:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ