«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#45, 2006-03-14 | #46, 2006-03-15 | #47, 2006-03-16


ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆՈՒՀԻՆ ՎԱՅՐ ԴՐԵՑ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Եկատերինբուրգում ընթացող շախմատի կանանց աշխարհի առաջնությունում հայտնի դարձան 1/8 եզրափակիչի մասնակիցները: Ցավոք պայքարը շարունակող 16 շախմատիստուհիների մեջ չէ Էլինա Դանիելյանը, որը 2-րդ պարտիայում էլ պարտվեց Ալեքսանդրա Կոստենյուկին: 2-րդ փուլում կայացած 16 հանդիպումներից միայն 7-ում հարկ եղավ լրացուցիչ մրցախաղ անցկացնել: Գլխավոր անակնկալը Նատալյա Ժուկովայի կրած երկու պարտություններն էին 11-ամյա չին շախմատիստուհի Հոու Իֆանից:

Աշխարհի չեմպիոնուհու լիազորությունները վայր դրեց բուլղարուհի Անտոանետա Ստեֆանովան, որը լրացուցիչ մրցախաղում 1-3 հաշվով պարտվեց լեհ շախմատիստուհի Իվետա Ռաձիեւիչից: Իսկ ահա աշխարհի հնգակի չեմպիոնուհի Մայա Չիբուրդանիձեն մտավ հաջորդ փուլ` 1,5-0,5 հաշվով պարտության մատնելով իր հայրենակցուհի Քետեւան Արախամիային: Պայքարից դուրս մնաց Եվրոպայի նախկին չեմպիոնուհի Պիա Կրամլինգը` զիջելով Պեն Չժաոցինին (0,5-1,5): Անհաջողության մատնվեց նաեւ մրցաշարի մասնակիցներից ամենաբարձր վարկանիշ (2537) ունեցող Համպի Կոներուն, որի նկատմամբ առավելության հասավ Մարիա Սեբան (3-1):

Չին շախմատիստուհի Ժուան Լուֆեյը, որ առաջին փուլում պայքարից դուրս էր մղել Լիլիթ Մկրտչյանին, չկարողացավ հաղթահարել հերթական արգելքը` պարտվելով Վիկտորյա Չմիլիտեին (2-4): Դա 1/16 եզրափակիչի ամենահամառ մրցակցությունն էր: Հաղթողին որոշելու համար հարկ եղավ անցկացնել 6 պարտիա եւ միայն կայծակնային 2 պարտիաներում տարած հաղթանակների շնորհիվ Չմիլիտեն մտավ հաջորդ փուլ:

Մյուս հանդիպումներում գրանցվել են այսպիսի արդյունքներ. Ուշենինա-Յույհուա` 0,5-1,5, Մատվեեւա-Սապատա` 1,5-0,5, Խուրցիձե-Արիբաս` 1,5-0,5, Վիջայալակշմի-Ջավախիշվիլի` 3-1, Կոսինցեւա-Կրուշ` 1,5-0,5, Վենցզյուն-Ձագնիձե` 2,5-1,5, Գալյամովա-Լուխան` 3-1, Կովալեւսկայա-Կուրսովա` 1,5-0,5, Կանյին-Հուսկա` 2,5-1,5:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4