«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#46, 2006-03-15 | #47, 2006-03-16 | #48, 2006-03-17


ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԼՃԱՑԱԾ ՉԷ

Տարածաշրջանը ամեն շաբաթ բարձրաստիճան հյուրերի է ընդունում

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալ Դենիել Ֆրիդը լրատվամիջոցների հետ երեկվա առանց այն էլ կարճ հանդիպումը սկսեց տեղեկացնելով, թե գալիս են նախագահ Քոչարյանի հետ հանդիպումից, հանդիպել են նաեւ պաշտպանության ու արտաքին գործերի նախարարներին, իսկ մեկ օր առաջ երեկոյան ճաշել կառավարամետ եւ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Ֆրիդը տարածաշրջան այցելության է եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մանի եւ ամերիկյան ուժերի եվրոպական հրամանատարության ներկայացուցիչ, գնդապետ Մայք Անդերսենի ուղեկցությամբ:

«Մենք Հարավային Կովկաս ենք եկել երեք նպատակով. 1. Բաքվում եւ Երեւանում քննարկելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետագա ընթացքը Ռամբուեից հետո, 2. քննարկելու էներգետիկ անվտանգության հարցերը` մասնավորապես գազամատակարարման հունվարյան դժվարություններից հետո, 3. քննարկելու Հարավային Կովկասի ապագա հեռանկարը, երբ ղարաբաղյան, հարավօսական եւ աբխազական հակամարտությունները լուծված կլինեն, եւ երբ տարածաշրջանի երկրները կարող են զարգանալ խաղաղության եւ անվտանգության պայմաններում` խորացնելով իրենց ժողովրդավարությունը եւ առաջ տանելով տնտեսական բարեփոխումները, այդ հիմքով ընտրելով իրենց տեղն աշխարհում` առանց դրսի որեւէ ճնշման», հայտարարեց Դենիել Ֆրիդը: Տես էջ 3

Արդեն իսկ Բաքվում, Թբիլիսիում իր հանդիպումներն ավարտած ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալը հիշեցրեց, որ Միացյալ Նահանգներ-Հայաստան բարձրաստիճան հաջորդ հանդիպումը կլինի «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի համաձայնագրի ստորագրման արարողությանըՙ մարտի 27-ին Վաշինգտոնում:

Մինչ տարածաշրջան այցելությունը, ըստ միջազգային լրատվամիջոցների, Դենիել Ֆրիդը նշել էր, թե սառեցված հակամարտությունների հանդեպ Ռուսաստանի դիրքորոշումը սխալ է: Նման դեպքում Մինսկի խմբի ռուսաստանյան եւ ամերիկյան համանախագահների տարաձայնությունը կարող է ազդել ընդհանրապես հիշյալ խմբի գործունեության վրա: Այս հայտարարության առնչությամբ Դենիել Ֆրիդը նշեց. «Ես չեմ կարծում, թե հենց այդ բառերն եմ օգտագործել, բայց ամեն դեպքում կասեմ, որ մինչեւ Վաշինգտոնը թողնելը ես եւ Սթիվեն Մանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, այդ թվում` ռուսաստանյան համանախագահի հետ խորհրդատվություն ենք անցկացրել այս այցելության առնչությամբ, համանախագահները աջակցություն են հայտնել այս այցելությունն իրականացնելուն»:

Իսկ ինչ վերաբերում է Մինսկի խմբի համանախագահների վաշինգտոնյան հանդիպումը Ստամբուլում շարունակելու հանգամանքին, ապա ամերիկացի համանախագահ Սթիվեն Մանը պարզաբանեց, որ տարածաշրջան ներկա այցելությամբ ծրագրված է լինել նաեւ Անկարայում եւ «ես հարմար տեղ էի փնտրում իմ գործընկերներին մեր այցելության արդյունքների մասին տեղեկացնելու համար»:

Այսօրինակ այցելություններն ու դրանց շրջանակներում հանդիպումները, որոնք դեռ տարին նոր սկսած այդքան հաճախակի են դարձել, թերեւս մեծացնում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ինչ-որ տեղաշարժի կամ լճացումից դուրս գալու ջանքերի հավանականությունը: Դենիել Ֆրիդն այս առնչությամբ ասաց. «Այն լճացած չէ: Մեր քննարկումների հիման վրա մենք համոզված ենք, որ քննարկումներն ու բանակցությունները կարող են շարունակվել»: Ֆրիդը նաեւ ընդգծեց, որ հայկական եւ ադրբեջանական կառավարությունները ազգային դիրքորոշումների ուժեղ պաշտպաններ են:

Վերջին ժամանակներս տարբեր մակարդակներում շատ է խոսվում մեր տարածաշրջանի էներգետիկ աղբյուրների դիվերսիֆիկացիայի անհրաժեշտության ու կարեւորության մասին: Պրն Ֆրիդի տեղակալ Մեթյու Բրայզան Հայաստանում հայտարարեց, որ այդ դիվերսիֆիկացիան չի վերաբերում միայն գազին, այլեւ ի թիվս այլ աղբյուրների` ատոմային էներգիային: Այս համատեքստում Հայաստանում երկրորդ ատոմակայանի կառուցմանն ամերիկյան հնարավոր աջակցության հարցին Դենիել Ֆրիդը պատասխանեց, որ Եվրոպան եւ Միացյալ Նահանգները խստորեն են նայում էներգետիկ աղբյուրների դիվերսիֆիկացիային եւ միջուկային էներգիան պետք է դիտարկվի նոր իրավիճակի լույսի ներքո: «Ես չեմ կարող որոշակիորեն ասել` ինչպես հարցը կլուծվի ընդհանրապես նաեւ Հայաստանի առնչությամբ», նշեց ամերիկացի դիվանագետը: Ֆրիդը ավելացրեց, որ Հայաստանում լսել է հետաքրքրությունն անվտանգ, ապահով, տնտեսապես շահավետ ատոմային էներգիայի առնչությամբ, ինչը դեսպանը կտանի Վաշինգտոն, որտեղ եւ կքննարկեն:

Անդրադառնալով Քոչարյան-Ալիեւ վերջին հանդիպմանը` Սթիվեն Մանը կրկին նշեց, որ Ռամբուեում առաջընթաց չգրանցելը դժվար հարց է: «Հանդիպումների ընթացքում յուրաքանչյուր նախագահից մենք տեսնում ենք, որ կողմերը առաջ շարժվելու պատրաստակամություն ունեն եւ Միացյալ Նահանգները պատրաստվում է աջակցել լավագույն հնարավոր ձեւով»:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4