«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#46, 2006-03-15 | #47, 2006-03-16 | #48, 2006-03-17


ԴԵՆԻԵԼ ՖՐԻԴՆ ԷԼ ԵԿԱՎ-ԳՆԱՑ, ԱԼԻԵՎԸ ՆՈՒՅՆ «ԵՐԳՆ» Է ԵՐԳՈՒՄ

«Ադրբեջանը տարեցտարի մեծացնում է իր ռազմական հզորությունը, եւ այս տարի երկրի ռազմական բյուջեն կազմում է 600 մլն դոլար: Ես խնդիր եմ դրել, որ մոտակա ժամանակներում Ադրբեջանի ռազմական բյուջեն հավասարվի Հայաստանի ամբողջ բյուջեին», հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Բաքվում աշխարհի ադրբեջանցիների երկրորդ համագումարի բացմանը: Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը, Ալիեւն Ադրբեջանի նավթային հեռանկարների ֆանտաստիկ պատկերներ է գծագրել, մասնավորապես եվրոպական շուկաներ դուրս գալու միջոցով իբր կընդլայնվեն դիրքերը «տարածաշրջանում, մայր- ցամաքում եւ ամբողջ աշխարհում»: Ադրբեջանի առաջնորդը վստահ է, որ Ադրբեջանը տարածաշրջանային զարգացմամբ ամենաակտիվ խաղացողն է, եւ առանց նրա մասնակցության չեն իրականացվի ո՛չ քաղաքական, ո՛չ տնտեսական նախագծեր: Ընդ որում, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարության նախագիծը հիմնական խնդիրներից մեկն է: Բնականաբար, Ալիեւի հրճվանքն այս նախագծով պայմանավորված է այն կանխատեսմամբ, թե այդ երկաթգծի գործարկմամբ Հայաստանը դուրս կմնա տարածաշրջանային տրանսպորտային ուղիներից:

Չնայած սպառազինության հիվանդագին մոտեցումներին, Ալիեւը նշել է, որ ամեն դեպքում կողմ է խաղաղ գործընթացին, բայց «երբ բախվում են Հայաստանի ոչ կառուցողական դիրքորոշմանը, ապա մեր համբերությունը հատնում է»: Ալիեւը չի ծուլացել ինքն իրեն ու մյուսներին եւս մեկ անգամ հիշեցնել, թե իրենց համար տարածքային ամբողջականությունը քննարկման ենթակա չէ: Ընդ որում, հայկական կողմը դեռ պետք է նաեւ պատասխան տա (չգիտես որտեղ եւ երբ) իրականացրած էթնիկ զտումների համար:

Տարածաշրջան բարձրաստիճան դիվանագետների այցելությունների եւ 2006 թ.-ից սպասումների ֆոնին մնում է տարակուսել, թե, ասենք, նույն ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչներ Դենիել Ֆրիդը, Մեթյու Բրայզան, մի քանի շաբաթը մեկ տարածաշրջանում հայտնվող Մինսկի խմբի համանախագահներն ի՞նչ են քննարկում Ալիեւի հետ հանդիպումներում, երբ արդեն հոգնեցնելու աստիճան Ալիեւ կրտսերը կրկնում է անգիր արած մի քանի նախադասություն:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4