«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#46, 2006-03-15 | #47, 2006-03-16 | #48, 2006-03-17


ՀՐԱԶԴԱՆԻ ՋԷԿ-Ն ԷԼ ԴԻՄԵՑ ԹԱՆԿԱՑՄԱՆ

Առաջարկելով բարձրացնել իր արտադրած էլեկտրաէներգիայի սակագինը 90 տոկոսով

«Հայռուսգազարդից» հետո, ինչպես եւ սպասվում էր, իր արտադրած էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հայտով հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին է դիմել նաեւ «Հրազդան ՋԷԿ» ԲԲԸ-ն: Բնական գազը էլեկտրաէներգիայի վերափոխող այդ խոշոր կայանի արտադրած էլեկտրաէներգիայի ներկայիս 1 կվտ/ժ-ի, ներառյալ ավելացված արժեքի հարկը, գինը 11,37 դրամ է: Հանձնաժողովին դիմելով, «Հրազդան ՋԷԿ»-ն առաջարկել է 21,36 դրամ սակագին: Ամենայն հավանականությամբ, հանձնաժողովը չի համաձայնի ընկերության ներկայացրած սակագնի բարձրացման այդ չափին:

Մինչ այդ սակայն արդեն կարելի է արձանագրել, որ «Հրազդան ՋԷԿ»-ը ներկայացրել է շատ ավելի բարձր սակագին, քան կարելի էր ակնկալել գազի նոր հաստատված սակագնի պարագայում: Այսպես, 10 հազար խմ-ից ավելի սպառում ունեցող բաժանորդների համար, որոնց թվում է նաեւ վերոհիշյալ ընկերությունը, գազի նախկին սակագինը կազմում էր 79 դոլար 1000 խմ գազի համար, իսկ հիմա դարձել է 146 դոլար: Այսինքն, գազը թանկացել է մոտ 80 տոկոսով, իսկ «Հրազդան ՋԷԿ»-ը ցանկանում է իր արտադրած 1 կվտ/ժ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել 90 տոկոսով:

Սակագնային այս առաջարկին եւ դրա այս կամ այն չափով բավարարմանը հավանական է, որ կհետեւի նաեւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հայտը բնակչությանը մատակարարող էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման վերաբերյալ: Հիշեցնենք, էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը հնարավոր է համարել, որ գազի սակագների բարձրացումից հետո բնակչությանը մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագները բարձրանան 3-4 դրամով, իսկ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի փոխնախագահ Նիկոլայ Գրիգորյանը հավանական է համարել էլեկտրաէներգիայի «մինչեւ 3 դրամով» թանկանալը:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4