Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանը երեկ միաժամանակ մեկնարկեցին շախմատի Հայաստանի կանանց եւ տղամարդկանց բարձրագույն խմբերի առաջնությունները: Երկու մրցաշարերում էլ մասնակցում են 10-ական շախմատիստներ: Սովորաբար Հայաստանի առաջնություններն անցկացվում էին աշնանը, սակայն քանի որ արդեն մայիսի 19-ին Թուրինում կայանալու է շախմատային հերթական օլիմպիադան, ուստի հավաքականների կազմը համալրելու նպատակով մրցաշարերն անցկացվում են այժմ:
Հարկ է նշել, որ թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց առաջնություններում բացակայում են մեր առաջատար մի խումբ շախմատիստներ: Այսպես, տղամարդկանց մրցաշարին չեն մասնակցում Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Սմբատ Լպուտյանն ու Գաբրիել Սարգսյանը, որոնք արդեն հավաքականում իրենց հաստատուն տեղն ունեն շնորհիվ բարձր վարկանիշի: Օլիմպիադային կմասնակցի նաեւ Կարեն Ասրյանը: Հավաքականում թափուր 6-րդ տեղը կզբաղեցնի ընթացիկ առաջնության հաղթողը: Բնականաբար, եթե չեմպիոն հռչակվի Կարեն Ասրյանը, ապա ուղեգիրը կնվաճի երկրորդ տեղը զբաղեցրած շախմատիստը:
Կանանց մրցաշարում էլ բացակայում են մեր ամենափորձառու գրոսմայստերներ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը, որոնք Եկատերինբուրգում մասնակցում էին աշխարհի առաջնությանը եւ արդեն դուրս են մնացել հետագա պայքարից: Նրանց բացակայությամբ կանանց մրցաշարում ամենաբարձր վարկանիշն ունի գրոսմայստեր Նելլի Աղինյանը (2319): Նա հաղթանակով մեկնարկեցՙ պարտության մատնելով միջազգային վարպետ Նաիրա Մովսիսյանին: Հարկ է նշել, որ թե՛ կանանց եւ թե՛ տղամարդկանց առաջնությունների մեկնարկային տուրը բավականին արդյունավետ էր: Կայացած 10 պարտիաներից 8-ն ավարտվեց մրցակիցներից մեկի հաղթանակով: Կանանց մրցաշարում Անահիտ Խառատյանը հաղթեց Լուսինե Ալավերդյանին, Մարիաննա Գասպարյանն առավելության հասավ Լիաննա Աղաբեկյանի նկատմամբ, իսկ Նարինե Գասպարյանը հաղթեց Լիլիթ Գալոյանին: Միակ ոչ-ոքի արդյունքը գրանցվեց Նունե Դարբինյանի եւ Սիրանուշ Անդրեասյանի մրցավեճում:
Տղամարդկանց մրցաշարում ամենաբարձր վարկանիշն ունի միջազգային գրոսմայստեր Կարեն Ասրյանը (2646), որն առաջին տուրում սեւերով ոչ-ոքի խաղաց մասնակիցներից երկրորդ վարկանիշն (2602) ունեցող Հայաստանի ութակի չեմպիոն Աշոտ Անաստասյանի հետ: Դա մեկնարկում գրանցված միակ խաղաղ արդյունքն էր: Մրցաշարը հաղթանակով սկսեց Տիգրան Պետրոսյանըՙ պարտության մատնելով Տիգրան Քոթանջյանին: Մյուս Տիգրանըՙ Նալբանդյանը, առավելության հասավ Դավիթ Քալաշյանի նկատմամբ: Հաղթանակներ տարան նաեւ Արման Փաշիկյանն ու Արտաշես Մինասյանըՙ համապատասխանաբար պարտության մատնելով Արսեն Եղիազարյանին եւ Արա Մինասյանին:
Տղամարդկանց մրցաշարի հաղթողը որպես պարգեւ կստանա 1,5 միլիոն դրամ: Երկրորդ տեղը գրաված շախմատիստը կպարգեւատրվի 900 հազար դրամով, իսկ երրորդ, չորրորդ եւ հինգերորդ տեղերը զբաղեցրածները կպարգեւատրվեն համապատասխանաբար 500, 300 եւ 200 հազարական դրամով: 6-10-րդ տեղ գրաված շախմատիստները վաստակած յուրաքանչյուր միավորի դիմաց կստանան 10 հազարական դրամ: Կանանց մրցաշարի հաղթողը կստանա 300 հազար դրամ: 2-5-րդ տեղեր զբաղեցրածները համապատասխանաբար կպարգեւատրվեն 200, 100, 60, 40 հազարական դրամով: Իսկ 6-10-րդ տեղերը գրաված շախմատիստուհիները վաստակած յուրաքանչյուր միավորի դիմաց կստանան 5 հազարական դրամ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ