«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#47, 2006-03-16 | #48, 2006-03-17 | #49, 2006-03-18


ԱԴՐԲԵՋԱՆԸ ԶԱՐՄԱՆՈՒՄ Էՙ ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ՋՈՒՂԱՅԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՓՈՐՁԱԴԱՇՏԻ ՆԿԱՐՆԵՐԸ ՀԱՅՏՆՎԵԼ ՀԱՅԵՐԻ ՁԵՌՔՈՒՄ

Վերջերս հայկական մամուլում հայտնված Ջուղայի խաչքարերի տեղում զինվորական հրապարակ կառուցելը պատկերող նկարների առնչությամբ ադրբեջանական մամուլը հերթական արձագանքն է տվել: Մասնավորապես «Զերկալո» թերթը նախ եւ առաջ «սրբազան» պարտք է կատարել հայկական մոտ 10 հազար խաչքարերի գոյությունը Ջուղայում ժխտելու ուղղությամբ:

Թերթը երկու հարցադրում է անում. նախՙ որքանո՞վ են հիմնավոր հայկական խաչքարերի ոչնչացման եւ դրանց տեղում ռազմական փորձադաշտի ստեղծման տեղեկությունները, երկրորդՙ եթե այդ փորձադաշտը պատկանում է ադրբեջանական բանակին, ապա այդ դեպքում ինչպե՞ս են նկարները հայտնվել հայերի ձեռքում:

Ադրբեջանի ԱԳՆ պատասխանատու Թաիր Թաղիզադեի «Զերկալոյին» տված մեկնաբանությամբ, Ադրբեջանը որեւէ պաշտոնական տեղեկություն չունի վերը նշված փորձադաշտի Ադրբեջանին պատկանելու մասին: Թաղիզադեն իմիջիայլոց նշել է նաեւ, որ անգամ այդ տեղեկության հաստատման դեպքում զարմանալի ոչ մի բան չկա, քանի որ ռազմական միջոցառումները յուրաքանչյուր ինքնիշխան պետության իրավունքն են: Հերթական անգամ, առանց որեւէ փաստարկի ժխտելով հայկական խաչքարերի ոչնչացման փաստը, Թաղիզադեն նշել է, թե նման հարցերի բարձրացմամբ հայկական կողմը փորձում է շեղել միջազգային հանրության ուշադրությունը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն իր հերթին ընդհանրապես բացառում է այդ ռազմական օբյեկտի պատկանելությունն ադրբեջանական բանակին: Տվյալ դեպքում հարցականի տակ է դրվում նկարներում պատկերված տեղանքը, ավելինՙ ադրբեջանական կողմը հիշյալ լուսանկարները բնութագրում է որպես մոնտաժի արդյունք: Այս մտքի հեղինակը պաշտոնաթող գնդապետ-լեյտենանտ Ուզեիր Ջաֆարովն է, ըստ որիՙ նշված փորձադաշտը գտնվում է Հայաստանի Մեղրիի շրջանում, իսկ նկարներն էլ արված են Իրանի տարածքից: Վերջին հանգամանքը որպես Իրան-Հայաստան «սերտ կապերի» գոյության ենթադրության հիմք են մատուցվում:

Հիշեցնենք, որ համեմատելով 2005, 2003 եւ ավելի վաղ արված լուսանկարների հետ, հրաձգարանը ճիշտ այն վայրերում է, որտեղ նախապես խաչքարերն էին:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4