Կսահմանափակվե՞ն դրանք օրենքով
Հայաստանում 32 ընկերություններ գերիշխող դիրք ունեն 56 ոլորտներում: Սա տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2005 թ.-ի հաշվետվության մեջ հրապարակված տվյալներն են: Դատելով այս տվյալներից, կարելի է եզրակացնել, որ Հայաստանի տնտեսությունն ունի բարձր կենտրոնացվածություն: Իսկ որ մենաշնորհներն ու գերիշխող դիրքերը (երբ տվյալ ընկերության իրացման ծավալները զբաղեցնում են ապրանքային շուկայի մեկ երրորդից ավելին) բերում են դրանց հաճախակի չարաշահման, սահմանափակում մրցակցությունն ու խախտում շուկայական գնագոյացումը, թերեւս հերթական ապացուցման կարիք չունի:
Ո՞ր ոլորտներն են Հայաստանում առավել կենտրոնացված, եւ որքանո՞վ են դրանք սուբյեկտիվ բնույթ կրում: Կան մի քանի ոլորտներ, որտեղ մենաշնորհի առկայությունն ու այլընտրանքի բացակայությունը պայմանավորված չեն սուբյեկտիվ խոչընդոտներով: Դրանք են «Արմենիա» միջազգային օդանավակայանների» կողմից մատուցվող 10 ծառայությունները (օդանավերի թռիչք-վայրէջքի սպասարկում, կայանում, վերգետնյա սպասարկում եւ այլն), «Հայաերոնավիգացիայի» օդային երթեւեկության սպասարկումը, «Նորք տեղեկատվա-վերլուծական կենտրոնի»ՙ սոցիալական քարտերի հետ կապված ծառայությունները, «Նաիրիտ գործարանի» նատրիումի հիպոքլորիդի արտադրությունը, «Ավանի աղի կոմբինատի» քարաղի եւ տեխնիկական աղի արտադրությունը, իսկ «Հայռուսգազարդի» ու «Հայաստանի էլեկտրական ցանցերի» մատուցած ծառայությունները համարվում են բնական մենաշնորհ եւ կարգավորվում համապատասխան հանձնաժողովի կողմից:
Նույնը չի կարելի ասել մի շարք այլ ապրանքային շուկաների համար: Մասնավորապես խոսքն առաջին հերթին «Ֆլիտֆուդ» ընկերության մասին է: Այս ընկերությունը գերիշխող դիրք ունի միանգամից 4ՙ «շաքարավազ», «կարագ», «նրբերշիկ եւ սարդելկա», «էթիլային սպիրտ» շուկաներում: Ընդ որում, «շաքարավազ» ապրանքային շուկայում չնայած գործում է 23 ընկերություն, բայց «Ֆլիտֆուդի» մասնաբաժինը կազմում է գրեթե 95 տոկոս, իսկ «էթիլային սպիրտ» շուկայումՙ 87 տոկոսը, ինչն առավել արտառոց է: Նույնը կարելի է ասել նաեւ «Երեւան քաղաքի սեղմված բնական գազ» ապրանքային շուկայում գերիշխող դիրք ունեցող «Մուլտի Լեւոն» ընկերության մասին: Վերոնշյալ ոլորտներում հաստատապես կարող են լինել այլ ընկերություններ, որոնք հավասար մրցակցության հնարավորություններ կունենան: Սակայն նրանք չկան, եւ պատճառներն ամենեւին էլ տնտեսական չեն:
Այլ շուկաներում գերիշխող դիրք ունեցող ընկերություններն են.ՙ «Դվին հոլդինգը»ՙ «ազոտական պարարտանյութեր», «Մետեքսը»ՙ «ամրան» եւ «ամրալար», «Մոնա գրուպը»ՙ «լվացքի փոշի» եւ «տնտեսական օճառ», «Օրիֆլեյմը»ՙ «լոգանքի միջոցներ», «Շինարար» «արտադրական կոոպերատիվը» եւ «Գապեքսը»ՙ «ապակի» ապրանքային շուկաներում: Արտադրողներից գերիշխող դիրք ունեն «Երեւանի շամպայն-գինիների կոմբինատը»ՙ «շամպայն եւ փրփրուն գինիներ», «Կոկա-կոլա Արմենիան»ՙ «գազավորված, քաղցրացված խմիչքներ», «Գեղարդ մսամթերքի կոմբինատը»ՙ «մսամթերք», «Արարատցեմենտը» եւ «Միկացեմենտը»ՙ «ցեմենտ», «Գաջագործը» եւ «Գաջը»ՙ «գաջ», «Լուսակերտի թռչնաֆաբրիկան»ՙ «հավի ձու», «Շանթ պլյուսը»ՙ «պաղպաղակ», «Աշտարակ-կաթը»ՙ «թթվասեր», «Էյ բի էմ սոֆտը» եւ «Արտաշատի պահածոների գործարանը»ՙ «արդյունաբերական վերամշակման նպատակով ձեռքբերվող լոլիկ» ապրանքային շուկաներում:
Ինչպե՞ս վարվել նման կենտրոնացվածության դեպքում, ինչպե՞ս պաշտպանել մեր տնտեսությունը մենաշնորհների բացասական հետեւանքներից: Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն, ըստ էության, անզոր է այս երեւույթի դեմ: Օրենքով նրան ընձեռված հնարավորությունները միայն գերիշխող դիրքի չարաշահում թույլ չտալն է, եւ հանձնաժողովի գոյությունն այս առումով անիմաստ է դառնում: Մինչդեռ վաղուց զգացվում է արհեստական մենաշնորհներ թույլ չտալու անհրաժեշտությունը: Հասկանալի է, որ դրա համար ավելի շատ իշխանությունների ցանկությունն ու քաղաքական կամքն են անհրաժեշտ: Սակայն հարկ է նաեւ օրենսդրորեն հանձնաժողովին իրավունք վերապահել ուսումնասիրություններ անցկացնելու եւ պարզելու, թե հնարավո՞ր է, որ առաջին անհրաժեշտության ապրանքների կամ ծառայությունների ոլորտներում առանց էական մրցակցության գործունեություն ծավալի մեկ ընկերություն: Այդ դեպքում արդեն հասարակությունը կիմանա, թե կոնկրետ ո՞ր կառույցն է պատասխանատու նման դեպքում: Այլապես պարբերաբար խոսվում եւ գրվում է արհեստական մենաշնորհների մասին, բայց ոչ մի կառույց կամ պաշտոնյա իրեն պատասխանատու չի համարում այդ հարցում:
Ի դեպ, սահմանադրության 33.1 հոդվածում նշվում է, որ «Շուկայում մենաշնորհը կամ գերիշխող դիրքի չարաշահումը եւ անբարեխիղճ մրցակցությունը արգելվում են: Մրցակցության սահմանափակումը, մենաշնորհի հնարավոր տեսակները եւ դրանց թույլատրելի չափերը կարող են սահմանվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է հանրության շահերի համար»: Վերեւում հիշատակված մենաշնորհներից շատերը հաստատապես հանրության շահերի համար չեն ստեղծվել եւ ոչ էլ թույլատրվել են օրենքով: Այնպես որ, այս ոլորտում սահմանադրությամբ նախատեսված համապատասխան օրենք ընդունելու գաղափարն արդեն հասունացել է:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ