Այս տարի լրանում է Հայկական բարեգործական ընդհանուր միության 100-ամյակը: Այս առթիվ ՀԲԸՄ Սիրիայի մասնաճյուղի նախաձեռնությամբ օրեր առաջ կազմակերպվել էր տարածքի արաբական երկրների հայ կանանց խորհրդաժողով, որի գլխավոր բանախոսը ԱԺ կրթության, գիտության, մշակույթի եւ երիտասարդության հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանն էր: 600 պատվիրակի մասնակցությամբ Հալեպում տեղի ունեցած այդ խորհրդաժողովում Հ. Հակոբյանն իր ծավալուն ելույթում անդրադարձել է ՀԲԸՄ գործունեությանը հայրենիքում եւ սփյուռքում, կազմակերպության երիտասարդական թեւի ձեռնարկումներին, սփյուռք-Հայաստան հարաբերություններին առհասարակ եւ այս օրերի թեմա կանանց հիմնախնդիրներին: Խորհրդաժողովի երկրորդ օրը շուրջ 4 ժամ սիրիահայ համայնքի ներկայացուցիչներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել Հայաստանի խորհրդարանի եւ կանանց ներկայացուցչին. մեր հայրենակիցներին հետաքրքրել է ամեն ինչ` ղարաբաղյան զարգացումները, խորհրդարանական անցուդարձը, Հայաստանի երիտասարդների գործունեության շրջանակը եւ այլն:
Սիրիահայ երիտասարդության հետ առանձին հանդիպում եւս կայացել է: Հ. Հակոբյանը տպավորված էր խիստ կենսունակ, ակտիվ հայեցի կյանքով ապրող սիրիահայ համայնքով: Նա հիացմունքով պատմեց ՀԲԸՄ ստեղծած հայկական կենտրոնի մասին, որը քառահարկ հսկա մի շենք է` բոլոր տեսակի միջոցառումների անցկացման համար, եւ վերածվել է հայկական կյանքը կենտրոնացնող աշխույժ հավաքատեղիի: Հեղինակություն է ձեռք բերել նաեւ «Մայրանոց» Գուլբենկյան կենտրոնը, որը սովորական ծննդատնից վերածվել է առավել լայն հաստատության, նրա անձնակազմը կազմված է Հայաստանում կրթություն ստացած բժիշկներից, որոնք մեծ համարում ունեն նաեւ արաբների շրջանում: Իսկ հանգուցյալ նշանավոր ակնաբույժ Ռոբերտ Ջեբեջյանի գրադարան-հիվանդանոցը, որն ունի նաեւ նկարների հավաքածու, նույնպես հայկական հայտնի կենտրոններից մեկն է Հալեպում: Ակնաբույժի այրին ցանկություն ունի հարուստ գրադարանն ու հավաքածուն բերել Հայաստան` կամ նվիրելու, կամ էլ այստեղ կենտրոն ստեղծելու. «Դա մի հարստություն է, որի մասին պետք է Հայաստանի մշակութային կառույցները մտածեն», նկատեց Հ. Հակոբյանը:
Մ. Խ.