«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#48, 2006-03-17 | #49, 2006-03-18 | #50, 2006-03-21


ԺՈՂՈՎՐԴԻ 48 ՏՈԿՈՍԸ ՉԻ ՎՍՏԱՀՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻՆ, 39 ՏՈԿՈՍԸՙ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ

Սակայն հավատում է բանակին, եկեղեցուն եւ լրատվամիջոցներին

Իշխանությունների եւ պետական պաշտոնյաների համար սրանք միակ անմխիթարական ցուցանիշները չեն, որոնք ստացվել են Համաշխարհային բանկի աջակցությամբ ազգային վիճակագրական ծառայության անցկացրած տնային տնտեսությունների հետազոտության արդյունքում: Ո՞ւմ եւ որքանո՞վ է վստահում կամ չի վստահում Հայաստանի բնակչությունը: Մինչ այս հարցին պատասխանելը նշենք, որ հետազոտությունը բավականին լուրջ եւ լայնածավալ է եղել: Մեր թերթում, անդրադառնալով «Հայաստանի սոցիալական պատկերը եւ աղքատությունը» ուսումնասիրության շնորհանդեսին, առիթ ունեցել ենք նշելու հետազոտության ընտրանքի ձեւավորման եւ ընդգրկվածության մասին: Հիշեցնենք պարզապես, որ հարցումներին մասնակցել են 6816 տնային տնտեսություններ Հայաստանի 10 մարզերում գտնվող 216 գյուղերից, 43 քաղաքներից եւ Երեւան քաղաքից:

Ինչպես արդեն նշեցինք, խորհրդարանի նկատմամբ ժողովրդի վստահությունը գրեթե հավասարաչափ է բաշխվածՙ վստահում է բնակչության 49 տոկոսը, չի վստահում 48 տոկոսը:

Եթե նկատի ունենանք, որ խորհրդարանը ներկայացուցչական մարմին է եւ պատգամավորներն ընտրվում են ուղիղ ընտրություններով, ապա անվստահության նման մեծ տոկոսը վկայում է այդ ընտրությունների արդյունքների եւ բնակչության կամքի անհամապատասխանության մասին: Ավելի պարզ ասած, այս ցուցանիշներն անուղղակիորեն ցույց են տալիս, որ Ազգային Ժողովի ընտրությունների արդյունքները մեծապես կեղծված են, եւ «ընտրված» պատգամավորները չեն վայելում ժողովրդի վստահությունը: Դժբախտաբար ուսումնասիրության իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորների միջեւ տարանջատում չի դրվել, բայց ակնհայտ է, որ անվստահությունը վերաբերում է երկու թեւերին էլ: Կառավարության վստահությունն ավելի մեծ էՙ 58 տոկոս, բայց փոքր չէ նաեւ անվստահության ցուցանիշըՙ 39 տոկոս: Սա կարելի է բնական համարել, քանի որ բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի ուղղակի պատասխանատուն գործադիր իշխանությունն է: Ավելին, բնակչության անվստահությունը կառավարության նկատմամբ, այս տեսանկյունից դիտարկելով, պետք է ավելի մեծ լիներ, բայց պարզվում է, որ ժողովրդի «ընտրյալները» շատ ավելի ցածր ժողովրդականություն ունեն, քան գործադիր իշխանությունը: Ցավոք, ուսումնասիրության մեջ ներառված չէ երկրի նախագահի նկատմամբ վստահության ցուցանիշը: Դա հավանաբար չի արվել քաղաքական շահարկումների կամ հետազոտության որակի նկատմամբ տարակարծությունների տեղիք չտալու համար:

Տեղական ինքնակառավարման մարմիններին վստահում է 63 տոկոսը, չի վստահում 33,5 տոկոսը: Վստահության համեմատաբար մեծ ցուցանիշն այստեղ հավանաբար պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանում համայնքապետներն ընտրվում են ավելի շատ ազգակցական նկատառումներով: Նույն նկատառումներն էլ նպաստել են համայնքապետների գործունեությանը տրվող գնահատականին: Անկասկած միայն Երեւանում այս ցուցանիշն այլ կլիներ, քանի որ հայտնի է, որ մայրաքաղաքում թաղապետների ընտրություններին մասնակցում են ընտրողների 15-20 տոկոսից ոչ ավելին, եւ ազգակցական սկզբունքն էական դեր չունի:

Անվստահությունը բարձր է նաեւ արդարադատության, ոստիկանության եւ սոցիալական ծառայությունների նկատմամբ: Մասնավորապես, արդարադատության համակարգին չի վստահում հարցվածների 41 տոկոսը (վստահում է 52 տոկոսը), ոստիկանությանըՙ 35,6 տոկոսը (վստահում է 59 տոկոսը), սոցիալական ծառայություններինՙ 29 տոկոսը (վստահում է գրեթե 60 տոկոսը): Անվստահության բարձր ցուցանիշները հատկապես արդարադատության եւ ոստիկանության համակարգերի նկատմամբ զարմանալի չեն: Այս ոլորտները համարվում են ամենակոռումպացվածն ու վարկաբեկվածը, եւ այստեղ կարելի էր ակնկալել անվստահության ավելի բարձր ցուցանիշներ:

Այս սանդղակում ամենացածր վստահություն ունեն արհմիություններըՙ ընդամենը 31 տոկոս, 37 տոկոս անվստահության եւ 32 տոկոս պատասխանի բացակայության պայմաններում: Սա նույնպես հասկանալի է, քանի որ ձեւավորված քաղաքացիական հասարակության համար այս հույժ կարեւոր օղակը Հայաստանում դեռեւս կայացած չէ:

Այժմ անդրադառնանք բարձր վստահություն ունեցող կառույցներին: Դրանք ենՙ զինված ուժերը եւ եկեղեցինՙ 87-ական տոկոս: Սա, անշուշտ, ուրախալի հանգամանք է: Բանակի նկատմամբ բարձր վստահությունը խիստ կարեւոր է, եթե նկատի ունենանք այն տարածաշրջանը, որտեղ գտնվում է մեր երկիրը եւ մեր հարեւանների մշտական դարձած սպառնալիքները: Նույնը կարելի է ասել նաեւ եկեղեցու վերաբերյալ, քանի որ գլխավոր հոգեւոր պատվարն է զանազան պառակտիչ աղանդների տարածման դեմ եւ դարեր շարունակ ազգապահպան նշանակություն է ունեցել:

Հեռուստատեսության եւ լրատվամիջոցների նկատմամբ վստահությունը գրեթե 75 տոկոս է կազմել, անվստահությունըՙ 22 տոկոս: Համեմատելով այս ցուցանիշը պետական մարմինների նկատմամբ բնակչության ունեցած վստահության ցուցանիշի հետ, բավականին ուշագրավ եզրակացությունների կարելի է հանգել: Սա վկայում է այն մասին, որ նախ լրատվամիջոցներն ու լրագրողները, չնայած համաժողովրդական ընտրություններով ընտրված կառույց կամ մարդիկ չեն, բայց անհամեմատ ավելի մեծ վստահություն են վայելում բնակչության մեջ, քան «ընտրված» պատգամավորները, համայնքապետները կամ չինովնիկները: Դա էլ իր հերթին պայմանավորված է այն հանգամանքով, որ չնայած հիմնականում քաղաքականացված լինելուն եւ այս կամ այն ուժին պատկանելուն, լրատվամիջոցներն, այնուամենայնիվ, ձգտում են արտահայտել ժողովրդի տրամադրություններն ու պաշտպանել նրա շահերը դրանք ոտնահարողներից: Իսկ ոտնահարողներն այդ նույնՙ տարբեր տրամաչափերի իշխանավորներն ու պետական պաշտոնյաներն են, որոնք իրենց կաշառված լինելն ու տգիտությունը ծածկելու համար ձգտում են վարկաբեկել այդ թերությունները մատնանշող լրատվամիջոցներին եւ լրագրողներին: Դատելով ազգային վիճակագրական ծառայության ուսումնասիրության արդյունքներից, դա առայժմ նրանց չի հաջողվումՙ արդեն վերեւում հիշատակված պատճառներով:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4