Կամ` լրագրողների՞ կուսակցություն
Ազգային ժողովում երեկ առավոտյան գրանցվել էր 114 պատգամավոր, սակայն հանրաքվեի ընտրակեղծիքներն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի հարցի քվեարկությունից հետո դահլիճում մնացին հատուկենտ պատգամավորներ, խորհրդարանական կյանքը տեղափոխվեց առանձնասենյակներ, իսկ ավելի ստույգ` կուլիսներ: Նույնիսկ այն ժամանակ, երբ առերես ոչինչ չի կատարվում` կուլիսներում բզզոց է: Հիմնական եւ տարանցիկ թեմաներ կան: Հիմնական թեմաներից մեկը կուլիսներում թեժ է մնում արդեն երկու ամիսՙ «Բարգավաճ Հայաստանի» թեման. անընդհատ նոր անուններ են շրջանառվում, թե ովքե՞ր են մտնելու կուսակցություն` ո՞ր նախարարը, ո՞ր կոալիցիոն պատգամավորը, ո՞ր լրագրողները: Վիկտոր Դալլաքյանից անցան, հիմա այս ստեղծված, թե ստեղծվելիք կուսակցության համամասնական ցուցակի առաջին տասնյակի անուններն են «հստակեցվում» բուֆետից կարմիր միջանցք, կարմիր միջանցքից ծխարան, ծխարանից հանդերձարան ճամփեքին, քննարկողներն էլ, լուր տարածողներն էլ հենց միայն լրագրողներն են ու լրագրողամերձ մի քանի պատգամավոր: Իսկ թե գոնե մի տոկոս ճշմարտություն կա այդ բոլորի տակ` դա էլ ասող-լսողի երեւակայության, փորձառության կամ միամտության խնդիր է: Բայց դե` խոսում են, խոսում: Ոնց շուռումուռ ես տալիս` այդ չլսված-չտեսնված կուսակցության առաջին տասնյակում հենց միայն տասը լրագրող կա: Կամ լուր տարածողն այդպիսով ուզում է կասկածի տակ դնել այդ չստեղծվածիՙ իշխանական շրջանակներին մոտ կանգնած լինելը, քանի որ շրջանառվում են առավելապես իշխանություններին քննադատող լրագրողների անուններ, կամ, ընդհակառակը, այդ կերպ ուզում են կասկածի տակ դնել այդ լրագրողների քննադատության անկեղծությունը: Կամ ուզում են միանգամից երկու նապաստակ խփել` ստեղծված աղմուկով խանգարել անկտրել ձմերուկ այդ նոր քաղաքական ուժի կուսակցաստեղծ գործընթացը (ժողովրդի լեզվով ասածՙ աչքով տալ), միաժամանակ փորձելով արժեզրկել լրագրողական բավական հայտնի անուններ` թե քննադատում են, բայց վազում են յուղոտ տեղի վրա: Բոլոր դեպքերում` անկրակ ծուխ չի լինում: Բայց վերջին շրջանում կուսակցաստեղծ գործունեության կասեցումներն աչքի առաջ են: Եվ ինչո՞ւ պիտի Արտաշես Թումանյանի կամ կուսակցություն ստեղծել նպատակադրված այլ հեղինակավոր մարդկանց առջեւ խոչընդոտներ հարուցվեն, իսկ մի ուրիշ նոր կուսակցության առաջ ուղեգորգ փռեն: Այս հարցին մի փոքր ավելի լույս է հաղորդում ՄԱԿ խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանի մի արտահայտությունը. «Դաշտում եղած իշխանությունը ներկայացնող ուժերը միամիտ հողագործ չեն, որ ասեն` էստի համեցեք: Այնպես չէ, որ այսօր քաղաքական ուժերը կան, վաղը չկան. էդ հարց է, թե այժմ ձեւավորվող ուժերը վաղը կլինե՞ն, բայց էն ուժերը, որ ձեւավորված են եղել, հայտ են ներկայացրել եւ իրականացրել են իրենց հայտը` միշտ լինելու են»: Ըստ նրա` պետք չէ բոլորովին բացառել ընտրությունները, քանի որ որոշումը կայացնելու են Հայաստանի ընտրողները. անկախ նրանից ո՞վ ինչ է պլանավորում, ընտրողներն են որոշում` ո՞ր քաղաքական ուժը ներկայացված կլինի խորհրդարանում: Իսկ ՄԱԿ-ին դուրս մղելու` նորաստեղծ որեւէ քաղաքական կառույցի նպատակադրվածությունը չի կարող լուրջ լինել (սկսել էինք այդ կարգի ասեկոսեների մասին զրույցով): Ցուցակներում ներառված լրագրողների մասով էլ նկատեց, թե լրագրողը եւս ազատ է քաղաքական համոզմունքներ ունենալու եւ քաղաքական կառույցի կազմում լինելու. այ, երբ կգա ժամանակը, եւ այդ ցուցակը կհրապարակվի, մինչ այդ էլ այդ քաղաքական կառույցը իր արժեքային համակարգը կհռչակի` այդ ժամանակ էլ Գ. Արսենյանը տվյալ լրագրողին կհիշեցնի. 10 տարի դու գրում էիր այս արժեքային համակարգով, հիմա այլ համակարգում ես հայտնվել:
Բոլոր դեպքերում նկատելի է, որ այն, ինչ խանգարել է Ա. Թումանյանին, մյուս շրջանառվող անուններին` սեփական կուսակցություն ստեղծելու, կարող է խանգարել նաեւ ուրիշներին, դժվար է նույն կարկանդակը մի կերպ կիսողների համար` մի նոր կտոր էլ նոր մասնակցին բաշխելը: Կարկանդակը փոքր է, բաշխողն էլ երաշխիքներ չունի, որ նոր կարկանդակատերը հավատարիմ կլինի իրեն: Հավատարմության բանավոր երդումները հաշիվ չեն: Այնպես որ բոլոր այս խոսակցությունները ֆու-ֆու են, «պարապ վախտի խաղալիք»:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ