Անցած տարվա նոյեբերի 7-ին մեկնարկեց «Ազգի» ինտերնետային հանդիպումների կայքէջը, որտեղ մեր ընթերցողը հնարավորություն ունեցավ իրեն հուզող հարցերի պատասխանն անմիջականորեն, չմիջնորդավորված ստանալու Հայաստանի քաղաքական գործիչներից, պաշտոնյաներից ու մշակույթի մարդկանցից: Արդեն մեր կայքէջում հյուր է եղել 12 մարդ, նրանց ընդհանուր հաշվով հարց են ուղղել 340-ից ավելի ընթերցողներ: Մեր ընթերցողներից շատերն ուղղել են մեկից ավելի հարց, այնպես որ հարցերի թիվը մոտենում է 500-ի:
Իհարկե, «Ազգ»-ի էլեկտրոնային տարբերակների այցելուների թվի հաշվառում միշտ էլ կատարվել է, այն այս տարի անցավ 1.9 մլն-ի սահմանագիծը, սակայն կայքէջի հանդիպումներն առավել առարկայորեն հնարավորություն տվեցին տեսնելու մեր ընթերցողների աշխարհագրությունը, հետաքրքրությունների շրջանակը, ինտելեկտուալ մակարդակը, երկրի եւ նրա խնդիրների կյանքով հետաքրքրվածության աստիճանը եւ այլն: Մեզ հյուրընկալված գործիչներն, այսպիսով, նաեւ անուղղակի հնարավորություն ստացան իմանալու իրենց վարկանիշի ձողաչափը, եւ կարելի է ասել` նրանք խիզախ մարդիկ են, քանի որ ուղիղ հարցեր ուղղելու մշակույթը հայերի մեջ դեռ այնքան էլ ձեւավորված չէ, մենք դեռեւս չենք կարողանում ազատվել մեր ներսում նստած մաքսիմալիստից, ու կարող ենք «նախշել» մեր համակրանքը չվայելողին, իսկ համակրանք շահածին` երկինք հանել: Բայց կարծես մեր ընթերցողները կամաց-կամաց սովորեցին, որ հարց ուղղելը եւս մշակույթի ձեւ է, բացի այդ էլ` ոչ միշտ կարելի է անմիջականորեն հարց ուղղել բազմազբաղ պաշտոնյային եւ պատասխան ստանալ, պետք է առավելագույնս օգտվել «Ազգի» ստեղծած հնարավորությունից: Նույնիսկ օրինակ ունենք (հարգում ենք` նրա տեղեկատվություն ստանալու իրավունքը եւ չենք անվանում), երբ արտերկրի մեր հայրենակիցներից մեկը նույն հարցն է ուղղել տարբեր հյուրերին եւ պատասխանները խմբավորելով, արդեն որպես սեփական հարցազրույց տպագրել արտերկրի մամուլում: Ուրախ ենք, որ օգտակար եղանք:
Իսկ մեր հյուրերի վարկանիշի մասին կարող եք դատել ինքներդ` նրանց ուղղված հարցերի քանակից. «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Զ. Սարգսյան` 35, սոցիոլոգ Գեւորգ Պողոսյան` 13, «Դաշինք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայան` 31, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյան` 49, «Հայաստան» հիմնադրամի տնօրեն Նաիրա Մելքումյան` 15, ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյան` 27, Թեքեյան մշակութային միության նախագահ Ռուբեն Միրզախանյան` 17, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյան` 25, «Արդարություն» դաշինքի քարտուղար Վիկտոր Դալլաքյան` 19, Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյան` 26, ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյան` 61, ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանինՙ 43 հարց: Ամենից շատ հարցեր ստացած 6 քաղաքական գործիչներին ուղղված հարցերի բնույթն ուսումնասիրելով` մենք նաեւ կարող ենք բնութագրել մեր ընթերցողների հետաքրքրության շրջանակը. 220 հարցից ներքաղաքական խնդիրներին էին վերաբերում 73-ը, արտաքին քաղաքական խնդիրներին (միջպետական հարաբերություններ եւ ղարաբաղյան հիմնախնդիր)` 67-ը, ընդ որում` դրանց երկու երրորդն ուղղված էր Վ. Օսկանյանին, 26-ը` սոցիալական անարդարություններին, 21-ը տնտեսական բովանդակություն ունեին եւ հիմնականում երկրի զարգացումներին էին առնչվում, 9 կրթական ոլորտի պրոբլեմներ էին բարձրացնում, մնացածը անձնական բնույթի էին` ուղղված բուն գործիչներին: Զարմանալի է, բայց փաստ` մեր ընթերցողների 80 տոկոսին հետաքրքրում են երկրի զարգացման, անվտանգության, ներքաղաքական խնդիրները, եւ ավելի նվազ մասին միայն` տեղային կամ անձնական խնդիրներ. այնպես որ հավանաբար մի փոքր սխալվում են մեր այն վերլուծաբանները, երբ հայ մարդկանց բարոյահոգեբանական վիճակն այժմ ներկայացնում են անտարբերության եւ ամեն ինչի վրա թքած ունեցողի պատուհանից: Բացարձակապես այդպես չէ, թեեւ անկեղծորեն խոստովանեմ` մեր ընթերցողն ինտերնետից օգտվողների բանակից է, իսկ ինչպես հայտնի է, այդ շերտը սովորաբար համարվում է ավելի ինտելեկտուալ եւ կրթված:
Ավելի նյութականացավ նաեւ մեր ընթերցողների աշխարհագրությունը` Ռուսաստանի Դաշնություն, ԱՄՆ, Ֆրանսիա, եվրոպական մյուս երկրներ, Մերձավոր Արեւելք, Ավստրալիա, Կանադա. երեւի առայժմ մեր կայքէջին հարց չեն ուղղել միայն աֆրիկյան մայրցամաքից: Ընդ որում նրանցից շատերն այնքան տեղյակ են Հայաստանի անցուդարձին, որ երբեմն մնում ես զարմացած: Նրանց հարցերում երբեմն առաջարկներ կան ե՛ւ քաղաքական, ե՛ւ տնտեսական ոլորտների հետ կապված, հնչում են գնահատականներ` ուղղված ընդդիմությանն ու իշխանությանը, երբեմն դառը, երբեմն ոգեւորիչ խոսքեր, մտահոգություններ: Հետեւելով մեր կայքէջի հարցազրույցների վիրտուալ կյանքին, որի ամբողջական պատկերը www azg.am հասցեի forum սեղմակի տակ է, կարելի հասկանալ, թե ինչ է նշանակում տեղեկատվության ազատ փոխանակում, ձեւականություններից ազատ խոսք ու զրույց, ինչպես նաեւ` ինչ է նշանակում ինտերնետի անծայր տարածք, որտեղ չվախենալով տարածության եւ ժամանակի սահմանափակումներից, կարելի է լինել երկրի ու նրա մարդկանց հետ, նույն վիրտուալ տարածքում:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ