«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#48, 2006-03-17 | #49, 2006-03-18 | #50, 2006-03-21


ՓԱՐԻԶՈՒՄ «ՍԱՄՈՒԵԼՅԱՆ» ԳՐԱՏՈՒՆԸ 75 ՏԱՐԵԿԱՆ Է

Փարիզի լատինական թաղամասում է գտնվում «Հ. Սամուելյան» ցուցանակը կրող «արեւելյան գրատունը»: 75 տարի առաջ բացված գրախանութում վաճառվում են արեւելյան տարբեր լեզուներով, այդ թվում հայերեն լույս տեսած գրքեր, պատմագիտական, արվեստագիտական եւ այլ աշխատություններ, պատկերագրքեր: Մասնավորապես առկա են սլավոնական երկրների, Հունաստանի, Բյուզանդիայի, Իրանի, Եգիպտոսի, աֆրիկյան, արաբական, արեւելյան երկրների, Օսմանյան կայսրության պատմությանը նվիրված աշխատություններ:

Գրատունը մշակութային կարեւոր օջախ է, որտեղ հաճախ կարելի է տեսնել հայաստանցի եւ օտարերկրացի հայագետների, լեզվաբանների, գրականագետների, պատմաբանների: Փարիզի «Աշխարհ» թերթի տվյալներով, գրատան հետ կապի մեջ են հայագետներ Ռ. Թոմսոնը (Օքսֆորդ), Բերթ Վոքս Միլվաքին (Ուինսքընսին), Ռայթենբերգը (Լեյդեն), Մայքլ Սթոնը (Երուսաղեմ) եւ ուրիշներ:

Ներկայումս գրատանն աշխատում են հիմնադրի որդին` Արմեն Սամուելյանը, եւ դուստրը` տիկին Ասլանյանը: Հաստատությունը կապի մեջ է Անգլիայի, Ամերիկայի, Իտալիայի մի շարք գրախանութների հետ:

Վերջին տասնամյակում հայ երիտասարդների մեջ աճել է հետաքրքրությունը Հայաստանի պատմության, արվեստի, մշակույթի նկատմամբ, մանավանդ Ֆրանսիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումից հետո:

«Սամուելյան» գրատունը հիմնվեց 1931 թ. եւ սկզբնապես ուներ ընդամենը 5000 օրինակ գիրք: Նախնական գրականությունը գնված էր պոլսեցի նախկին գրավաճառ Բալենցից: Ներկայումս գրացանկը հարստանում է գլխավորապես աճուրդի հանվող գրքերի, համացանցային (ինտերնետային) կապերի, գրքափոխանակումների հաշվին:

Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4