Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանն իրենց մրցավեճն են շարունակում շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի կանանց 60-րդ եւ տղամարդկանց 66-րդ առաջնությունների մասնակիցները: Երկու մրցաշարերում էլ բավական թեժ մրցապայքար է ծավալվել չեմպիոնի կոչման համար:
Տղամարդկանց մրցաշարում չորս տուրից հետո առաջատարի դերը 3,5 միավորով ստանձնել է Հայաստանի բազմակի չեմպիոն Արտաշես Մինասյանը: Վերջին երկու տուրերում նա իր օգտին հաղթանակներ գրանցեց Տիգրան Պետրոսյանի եւ Տիգրան Նալբանդյանի հետ մրցախաղերում: Առաջատարից կեսական միավորով հետ են մնում Կարեն Ասրյանն ու Տիգրան Նալբանդյանը: Ասրյանը մասնակիցներից ամենաբարձր անհատական վարկանիշն ունի (2646): Նա 3-րդ տուրում մրցում էր Դավիթ Քալաշյանի հետ, որը մեկնարկում երկու անընդմեջ պարտություն էր կրել: Ասրյանին չհաջողվեց հաղթել մրցակցին, որը մրցաշարում իր օգտին առաջին կես միավորը գրանցեց: Հաջորդ տուրում Ասրյանը սպիտակներով առավելության հասավ Արման Փաշիկյանի նկատմամբ: Վերջինս մրցաշարում իր անդրանիկ պարտությունը կրեց:
Հայաստանի ներկայիս չեմպիոն Աշոտ Անաստասյանը խաղաղ դաշն կնքեց Արսեն Եղիազարյանի եւ Տիգրան Քոթանջյանի հետ մրցախաղերում եւ այժմ 2,5 միավորով Փաշիկյանի հետ բաժանում է 4-5-րդ տեղերը: Առայժմ ոչ մի կերպ չի հաջողվում միավոր վաստակել գյումրեցի գրոսմայստեր Արա Մինասյանին: Նա բոլոր չորս պարտիաներում էլ զիջել է մրցակիցներին: Հերթական պարտությունները նա կրեց Փաշիկյանի եւ Պետրոսյանի հետ պարտիաներում:
Կանանց մրցապայքարում եռիշխանություն է հաստատվել: Աղյուսակը 3,5-ական միավորով գլխավորում են Նելլի Աղինյանը, Սիրանուշ Անդրեասյանը եւ Մարիաննա Գասպարյանը: Աղինյանը 4-րդ տուրում առաջին կես միավորը կորցրեց` ոչ-ոքի խաղալով Մարիաննա Գասպարյանի հետ: Իսկ նախորդ տուրում առաջնության մասնակիցներից ամենաբարձր անհատական վարկանիշն ունեցող Աղինյանը հաղթել էր Անահիտ Խառատյանին: Մարիաննա Գասպարյանն էլ 3-րդ տուրում առավելության հասավ Լուսինե Ալավերդյանի նկատմամբ:
Վերջին երկու տուրերը հաղթական էին Սիրանուշ Անդրեասյանի համար: Նա պարտության մատնեց Լիլիթ Գալոյանին ու Նաիրա Մովսիսյանին: Մյուս հանդիպումներում գրանցվել են հետեւյալ արդյունքները. Դարբինյան-Մովսիսյան` 0,5-0,5, Ն. Գասպարյան-Աղաբեկյան` 0-1, Խառատյան-Ն. Գասպարյան` 1-0, Աղաբեկյան-Դարբինյան` 1-0:
Նշենք, որ կանանց մրցաշարում արդեն մեկնարկից առաջատարների եւ մյուս մասնակիցների միջեւ միավորների զգալի տարբերություն է առաջացել: 2-ական միավորով հաջորդ տեղերում ընթացող Լիլիթ Գալոյանը, Նարինե Գասպարյանը, Լիանա Աղաբեկյանը եւ Անահիտ Խառատյանը առաջատարներից հետ են մնում 1,5-ական միավորով: Աղյուսակը եզրափակում է Լուսինե Ալավերդյանը, որն առայժմ միավոր չի վաստակել:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ