Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների թեմա չէ: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, Ալիեւը նշել է, թե Ադրբեջանը պատրաստվում է ղարաբաղյան հակամարտությունը կարգավորել «ելնելով Ադրբեջանի ազգային շահերից եւ հիմք ընդունելով միջազգային իրավունքի նորմերը»:
Ադրբեջանի նախագահի հաճախակի կրկնվող այս արտահայտություններն առավելագույնը կարող են ինքնահամոզման տպավորություն թողնել, քանի որ տարօրինակ կլիներ ազգային շահերից եւ միջազգային իրավունքի նորմերից չբխող քայլերի իրականացումը: Իսկ այն, որ Իլհամ Ալիեւն անընդմեջ կրկնում է Ադրբեջանի համար կարեւոր սկզբունք դարձած միջազգային իրավունքի նորմերի մասին, թերեւս կարող է վկայել ադրբեջանական կողմի ռազմատենչ հայտարարություններիՙ անգամ ներքին սպառման համար նախատեսված լինելու սնանկությունը:
Ա. Հ.