«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#49, 2006-03-18 | #50, 2006-03-21 | #51, 2006-03-22


ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԻՆ ՍԿՍՎՈՒՄ Է 2006 Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՆ

Ֆրանսիայում «Հայաստան, իմ բարեկամ» կարգախոսով անցկացվելիք Հայաստանի տարին սկսվելու է սեպտեմբերի 21-ին` Հայաստանի անկախության հռչակման օրը: Երեւանում Ֆրանսիայի դեսպանության տեղեկագիրը հայտնում է, որ սեպտեմբեր-հոկտեմբեր Հայաստանում տեղի կունենան մշակութային կարեւոր միջոցառումներ, որոնք կխորացնեն ֆրանս-հայկական հարաբերություններն ու փոխանակումները:

Հայաստանի տարին Ֆրանսիայում կավարտվի 2007 թ. հուլիսին: Եկող տարվա ամառը եւս հարուստ կլինի մշակութային միջոցառումներով` ինչպես Փարիզում, այնպես էլ գավառներում: Մասնավորապես Լուվրի թանգարանում կցուցադրվեն խաչքարեր եւ ծիսական թանկարժեք առարկաներ: Մարսելում եւ Ֆրանսիայի ազգային գրադարանում կներկայացվեն ձեռագիր մատյանների հարուստ հավաքածուներ:

Փարիզի Օրսե թանգարանը եւ Արաբական աշխարհի ինստիտուտը կկազմակերպեն լուսանկարչական անտիպ նյութերի ցուցադրություններ: Ծովային գերատեսչության թանգարանում կցուցադրվեն մեծ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու գործերը: Փարիզի «Պոմպիդու» կենտրոնը հարգանքի տուրք կմատուցի մեկ ուրիշ մեծ հայի` Արշիլ Գորկուն:

Տարվա միջոցառումների շրջանակներում Երեւանի ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգներով հանդես կգա Ֆրանսիայում եւ Փարիզի օպերայում կնվագակցի Շառլ Ազնավուրին: Հայկական փայլուն կինոարվեստը ներկայացված կլինի Սերգեյ Փարաջանովի, Անրի Վերնոյի, Ռոբեր Կետիկյանի եւ Ատոմ Էգոյանի ֆիլմերով: Միջոցառումներին կմասնակցեն նաեւ Հայաստանի եւ սփյուռքի արվեստագետների նոր սերնդի տաղանդավոր ներկայացուցիչներ:

Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4