«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#49, 2006-03-18 | #50, 2006-03-21 | #51, 2006-03-22


Ո՞Վ ՊԵՏՔ Է ՍԱՀՄԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀԸ

Նոր օմբուդսմենի առաջին փորձությունը

Երեկ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի համար այդ պաշտոնում առաջին լուրջ փորձությունն էր, քանի որ առաջին անգամ նա ներկայացնում էր ոչ թե երկրի նախագահի, այլ հասարակ մարդկանց շահերը: Սահմանադրական դատարանը երեկ սկսեց քննարկել Հայաստանի մարդու իրավունքների նոր պաշտպանի դիմումը, որն առաջարկում է ՍԴ-ին որոշել Երեւանի Կենտրոն համայնքի տարածքում կառուցապատման ծրագրեր իրականացնելու մասին կառավարության թիվ 1151 N որոշմանՙ սահմանադրությանը համապատասխանելու հարցը: Եվ անկախ նրանից, որ ՍԴ նիստից հետո Արմեն Հարությունյանին սպասում էր արդարադատության նախարարի մեքենանՙ նա ի պաշտոնե այլեւս, ուզի, թե չուզի, ներկայացնելու է ոտնահարվածների շահերը:

Քաղաքի կենտրոնի հողերի օտարման կառավարության որոշումն ընդունվել էր քաղաքացիական օրենսգրքի 218, հողային օրենսգրքի 104, 106, 108 հոդվածների հիման վրա: Տվյալ օրենսգրքերը ստորագրել է, ինչպես նաեւ հողերն օտարելու կառավարության որոշման համար ժամանակին դիմել է ՀՀ նախագահը, նա էլ, կառավարության հետ, ճանաչվել էր պատասխանող կողմ. նախագահի լիազոր ներկայացուցիչը նրա օգնական Գեւորգ Մհերյանն էր, իսկ կառավարությանը ներկայացնում էր արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

Սահմանադրական դատարանի մոտ հավաքվել էին պետության գերակա կարիքներից տուժած Բուզանդի փողոցի նախկին բնակիչները, նրանց ներկայացուցիչները նաեւ դահլիճում էին եւ իրենց աջակցությունն էին ցույց տալիս ՄԻՊ Արմեն Հարությունյանին: Վերջինս իր ելույթում շեշտադրում արեց օրենքներիՙ խնդրին առնչվող պահերը լիովին չկարգավորելուն, քանի որ կառավարության որոշման հակասահմանադրական ճանաչվելը կարող է բերել դրա հիման վրա ընդունված բոլոր որոշումների, ենթաօրենսդրական ակտերի հակաօրինական դառնալուն: Վիճարկվող օրենքներով այդպես էլ չեն սահմանվել, թե որո՞նք են պետության գերակա կարիքները եւ որըՙ հանրային շահը: Նրան ուղղված հարցերով ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն էլ առաջարկեց հստակություն մտցնել «գերակա հանրային շահ» հասկացության իրավական բովանդակության մեջ, ո՞վ պետք է որոշիՙ ո՞րն է այդ գերակա շահը, եւ վերստին ստացավ ՄԻՊ ելույթի հնչած գլխավոր միտքը. «Օրենսդրությունը»:

Ավելի ուշ ՄԻՊ-ը լրագրողների համար ավելի պարզեցրեց միտքը. «Ես համոզված եմ, որ պետք է առաջին հերթին սեփականության իրավունքի վերաբերյալ միասնական օրենք ընդունվի, որովհետեւ սա հանրային իրավունքի ոլորտ է, եւ քաղաքացիական օրենսգիրքը չի լուծում եւ չի էլ լուծի հարցը. պետք է սահմանել հանրային գերակա շահի դեպքերի կարգը, համարժեք փոխհատուցման հարցը, ո՞ր մարմինը պետք է զբաղվի դրանով եւ այլն»: Եթե օրենսդրորեն որոշակիություն չկաՙ ամեն կարգավորում, այն էլ սահմանադրությանը հակասող, սահմանափակում է քաղաքացու սեփականության իրավունքը: Նախագահի ներկայացուցիչ Գեւորգ Մհերյանիՙ Ա. Հարությունյանին ուղղված հարցերը վերջինս երկրորդական որակեց, իսկ Դ. Հարությունյանի հարցերի մասին ասաց, «Ինձ փորձում էին շեղել, այլ հարթություն տանել, բայց ես հիանալի հասկանում եւ խուսափում էի շեղող հարցերից»: «Ոչ, Դուք չեք շեղվել, շատ ճիշտ էիք», թիկունք կանգնեցին պաշտպանին բուզանդցիները: Դավիթ Հարությունյանը հարցնում էր, օրինակ, թե տվյալ օրենքների ո՞ր կետերն են հակասահմանադրական, կամՙ ՄԻՊ-ը մնո՞ւմ է իր ներկայացրած դիմումի սահմաններում, թե՞ ավելացնում է իր հիմքերը եւ այլն:

Կառավարության ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը չգիտեր մի երկիր, օրինակ, որտեղ հանրային շահը սահմանվեր օրենքով: Իր ելույթում նա նախ շեշտեց, որ դահլիճում ներկա մարդկանց (բուզանդցիներին էր ակնարկում) հետաքրքրում է ոչ թե այն, թե Երեւանի կառուցապատման ծրագիրը օրենքով, թե՞ կառավարության որոշմամբ գերակա շահ կսահմանվի, այլՙ փոխհատուցումների չափը: Ըստ նրա, կառավարությունը պետք է ազատ լինի գերակա հանրային շահը սահմանելիս, սակայն կոնկրետ դեպքերը պետք է լինեն դատական վերահսկողության ներքո: ՄԻՊ-ի դիմումի դրական ելքի արդյունքում ի՞նչ հետեւանքներ կարող են լինել. մեր այս հարցին Դ. Հարությունյանն ուղղակի չպատասխանեցՙ ասելով, թե ՍԴ-ն կաշկանդված չէ դիմողի փաստարկներով եւ հիմնավորումներով, ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչպիսի հիմնավորումներով կարող են համապատասխան հոդվածները հակասահմանադրական ճանաչվել:

Նիստը հետաձգվեց մինչեւ լրացուցիչ տեղեկացում դրա շարունակման օրվա մասինՙ այն միջնորդության հիման վրա, որով ՍԴ-ն հարմար է գտնում պահանջել օտարման գործընթացի վերաբերյալ գլխավոր որոշումները, ինչպես նաեւ հրավիրել կողմերին չներկայացնող անկախ փորձագետներիՙ նրանց կարծիքը եւս հարցի վերաբերյալ լսելու:

Դահլիճում ներկա ՄԻ առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի կարծիքովՙ հարցը ներկայացնելու ճիշտ մարտավարություն չի ընտրված. ճիշտ կլիներ վիճարկել հենց կառավարության որոշումներըՙ հղում չանելով ինչ-ինչ օրենքների: Իսկ բուզանդցիների շահերը ժամանակին պաշտպանած Վահե Գրիգորյանի կանխատեսմամբՙ հարցը հօգուտ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի կլուծվի, բայց ՍԴ որոշումից ինքը հստակություն չի սպասում, այլ դա միայն կարող է օգնել հետագայում այսպիսի գործընթացների հնարավոր զոհերի շահերը պաշտպանելիս:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4