2005 թ.-ի տարեկան գործունեության արդյունքները ներկայացնելիս հայտնեց բանկի գլխավոր տնօրենը
2005 թ.-ին նույնպես «Կոնվերս բանկն» արժանացավ FINANCIAL TIMES կազմակերպության THE BANKER ամսագրի սահմանած Հայաստանի «Տարվա լավագույն բանկ» մրցանակին: Բանկը այդ մրցանակին արժանանում է երրորդ տարին անընդմեջ: Այս մասին երեկ բանկի տարեկան արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց գլխավոր տնօրեն Սմբատ Նասիբյանը: Սակայն սա անցյալ տարվա միակ միջազգային մրցանակը չի եղել: Մեկ այլՙ GLOBAL FINANCE ամսագրի կողմից եւս «Կոնվերս բանկը» «Զարգացող շուկաների լավագույն բանկեր» եւ «Արտարժույթ փոխանակող լավագույն բանկեր» անվանակարգերով ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկ: Եվս մեկ մրցանակի արժանանալու մասին բանկի ղեկավարությունը տեղեկացվել է երեկ: «Դոյչե բանկի»ՙ «Վճարման հանձնարարականների համար անթերի կատարում-2005» (STP) մրցանակը ԱՊՀ տարածքում շնորհվել է միայն «Կոնվերս բանկին» եւ ուկրաինական մեկ բանկի:
Ինչ վերաբերում է 2005 թ.-ին կատարված աշխատանքներին, ապա դրանք հետեւյալն են: Բանկի մասնաճյուղերի թիվն ավելացել է 3-ով, հասնելով 16-ի: Մոտ 7 ամիս աշխատանքներ են սկսվել ISO 9001-2000 որակի ստանդարտների ներդրման ուղղությամբ, որոնք կավարտվեն այս տարվա ընթացքում: 2005 թ.-ից բանկը սկսել է սպասարկել Smart չիպային քարտեր: Սմբատ Նասիբյանը կարեւորեց պահուստային երկրորդ կենտրոնի ստեղծումը բանկի «Կոմիտաս» մասնաճյուղում: Դա նշանակում է, որ եթե գլխավոր մասնաշենքի հետ որեւէ արտակարգ դեպք կամ աղետ պատահի, ապա պահուստային սերվեր ունենալով, մեկ ամսվա ընթացքում բանկն առանց կորստի կսկսի իր գործունեությունը պահուստային մասնաճյուղում: Ծրագրվում է մեկ պահուստային կենտրոն էլ ստեղծել Վանաձորում:
2005 թ.-ին բանկի ֆինանսական ցուցանիշները մի շարք կարեւոր ուղղություններով լուրջ առաջընթաց են արձանագրել: Այսպես, ընդհանուր կապիտալն աճել է 49 տոկոսովՙ կազմելով գրեթե 9 մլրդ դրամ, մինչեւ հարկումը եղած շահույթը 15 տոկոսովՙ կազմելով 2,2 մլրդ դրամ, ակտիվներն ավելացել են 26 տոկոսովՙ հասնելով 41 մլրդ դրամի, իսկ ներկա պահի դրությամբ դրանք արդեն 47 մլրդ դրամ են: «Կոնվերս բանկի» հաճախորդներին տրված վարկերն աճել են 47 տոկոսով եւ կազմել 17 մլրդ դրամ, իսկ ընդհանուր առմամբ սպասարկվող բաժանորդների թիվը կազմել է 66 հազար:
Գլխավոր տնօրենն անդրադարձավ նաեւ անցյալ տարվանից մատուցվող նոր ծառայություններին: Դրանք ենՙ մեկանգամյա սպառողական վարկերը, վերականգնող վարկային քարտերը, անհատական դեպոզիտար պահատուփերը (280 հատ), շարժական եւ անշարժ գույքի ապահովման ծառայությունը, կոմունալ վարձավճարների գանձման ավտոմատ համակարգը, American Express քարտերի սպասարկումը, դրամական փոխանցումների սեփական UTS համակարգը, ինչպես նաեւ հիպոթեկային վարկավորումը: Առավել հանգամանորեն ներկայացնելով վերջինս, Սմբատ Նասիբյանը հայտնեց, որ բանկն այս ոլորտում ունի 1 մլն դոլարի վարկային պորտֆել, որը տարեվերջին նախատեսվում է հասցնել մինչեւ 3 մլն դոլարի, եթե անգամ չլինեն միջազգային ծրագրեր: Սակայն նման ծրագրեր սպասվում են մասնավորապես գերմանա-հայկական հիմնադրամից: «Կոնվերս բանկից» տրամադրվող հիպոթեկային վարկի նվազագույն չափը կազմում է 30 հազար դոլարին համարժեք դրամՙ 10 տարի ժամկետով տարեկան 13 տոկոսով: «Կնվազե՞ն այդ տոկոսադրուքները, թե՞ ոչ» հարցին պատասխանելով, գլխավոր տնօրենն այն կարծիքը հայտնեց, որ դա դարձյալ կախված է նրանից, թե ինչ միջազգային ծրագրեր կլինեն այստեղ: Այդուհանդերձ, փողի թանկացման ներկայումս ընթացող գործընթացի պայմաններում նա այդ տոկոսադրույքները նորմալ համարեց: «Կոնվերս բանկի» ղեկավարը նաեւ տեղեկացրեց, որ համաձայն «Փողերի լվացման դեմ պայքարի մասին» օրենքի, 20 մլն դրամը գերազանցող յուրաքանչյուր գործարքի մասին մանրակրկիտ հաշվետվություն պետք է ներկայացվի Կենտրոնական բանկին, եւ հաշվետվության այդ համակարգը «Կոնվերս բանկում» արդեն գործում է:
Կորպորատիվ կառավարման համակարգի ներդրման վերաբերյալ իր կարծիքը հայտնելով, Սմբատ Նասիբյանը նշեց, որ համաձայն «Բաց բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի, այդ համակարգն արդեն իսկ գործում էր, իսկ փոփոխությունները օրենքում միայն ավելի խստացրին պահանջները: «Կոնվերս բանկի» ղեկավարի կարծիքով, քանի դեռ Հայաստանում մենեջերների ինստիտուտը չի կայացել, այդ համակարգի ներդրումը վաղաժամ էր: Այդ տեսակետը մինչ օրենքի ընդունումը ներկայացվել է, բայց օրենքն արդեն ընդունվել է, եւ բանկերը պարտավոր են կատարել նրա պահանջները:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ