Մոնտե Կառլոյի շախմատի մրցաշարում իր հաջող մրցելույթներն է շարունակում Լեւոն Արոնյանը: 3-րդ տուրում նրա մրցակիցը հունգարացի գրոսմայստեր Պետեր Լեկոն էր: «Կույր» շախմատի պարտիան ավարտվեց ոչ-ոքի, իսկ արագ շախմատում Արոնյանը կրկին դրսեւորեց արագ մտածելու ու գործելու իր հիանալի կարողությունը եւ կրկին հաղթանակ տոնեց: Այսպիսով, 3 տուրից հետո Արոնյանը 4 միավորով Ալեքսանդր Մորոզեւիչի հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Վերջինս 1,5 միավոր վաստակեց Գրիշչուկի հետ պարտիայում` մրցակցի նկատմամբ հաղթանակ տոնելով արագ շախմատում:
«Կույր» շախմատի պարտիաներում միայն երկու մրցախաղ արդյունավետ ելք ունեցավ: Իվանչուկը սիցիլիական պաշտպանությունում ուժեղ գրոհ կազմակերպեց եւ մատ հայտարարեց վան Վելիի արքային: Իսկ Նիլսենը համառ պայքարից հետո չնկատեց երկու քայլից մատ հայտարարելու հնարավորությունը եւ պարտվեց Թոփալովից: Ճիշտ է, արագ շախմատում Նիլսենը ռեւանշի հասավ աշխարհի չեմպիոնի նկատմամբ:
Առաջատարներին կեսական միավորով զիջում են Թոփալովը, Անանդն ու Գելֆանդը: Վերջին երկուսն իրենց օգտին 1,5-ական միավոր գրանցեցին Վալյեխոյի եւ Սվիդլերի հետ մրցախաղերում, ընդ որում, երկուսն էլ հաղթեցին արագ շախմատի պարտիաներում: Ընդհանրապես արագ շախմատի պարտիաները շատ արդյունավետ են: Խաղացված վեց պարտիաներից միայն մեկն ավարտվեց ոչ-ոքի: 3 միավոր են վաստակել Պետեր Լեկոն եւ Վալյեխոն: 2,5-ական միավորով հաջորդ տեղերում են Իվանչուկը, Գրիշչուկը, վան Վելին եւ Նիլսենը: Առայժմ բոլորից անհաջող է հանդես գալիս Պյոտր Սվիդլերը, որը 1,5 միավորով եզրափակում է աղյուսակը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ