«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#49, 2006-03-18 | #50, 2006-03-21 | #51, 2006-03-22


ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐՆ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ ԵՆ ԴԻՐՔԵՐԸ

Շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության մասնակիցները շարունակում են աչքի ընկնել բարձր արդյունավետությամբ: Վերջին երկու տուրերում կայացած 20 պարտիաներից միայն չորսում գրանցվեց ոչ-ոքի արդյունք: Հատկապես արդյունավետ խաղ են ցուցադրում կանայք: Անցկացված 10 պարտիաներից միայն մեկում` Մարիանա Գասպարյանի եւ Նունե Դարբինյանի մրցավեճում խաղաղ դաշն կնքվեց:

Հերթական մրցախաղերից հետո մրցաշարի առաջատարները ամրապնդեցին դիրքերը: Կանանց մրցաշարում իր հաղթարշավն է շարունակում Նելլի Աղինյանը, որը հերթական հաղթական միավորները գրանցեց իր օգտին Լուսինե Ալավերդյանի եւ Նարինե Գասպարյանի հետ պարտիաներում: Վեց տուրից հետո Աղինյանը 5,5 միավորով միանձնյա գլխավորում է աղյուսակը: Նրան հետապնդող Սիրանուշ Անդրեասյանը 6-րդ տուրում անդրանիկ պարտությունը կրեց` զիջելով Անահիտ Խառատյանին, իսկ նախորդ տուրում Սիրանուշը հաղթել էր Աղաբեկյանին: Վեց տուրից հետո նա 4,5 միավորով ընթանում է երկրորդ տեղում: Երրորդ տեղը 4 միավորով զբաղեցնում է Մարիանա Գասպարյանը, որը 5-րդ տուրում Նարինե Գասպարյանի հետ մրցավեճում առաջին պարտությունը կրեց:

Տղամարդկանց մրցաշարում առաջատարի դիրքը պահպանեց Արտաշես Մինասյանը, որը վերջին երկու տուրերում իր օգտին 1,5 միավոր գրանցեց: Նա նախՙ ոչ-ոքի խաղաց Անաստասյանի հետ, ապա հաղթեց Քալաշյանին: Նրանից մեկական միավորով հետ են մնում Աշոտ Անաստասյանն ու Արման Փաշիկյանը: Անաստասյանը հաղթեց Արա Մինասյանին, իսկ Փաշիկյանը ոչ-ոքի խաղաց Տիգրան Պետրոսյանի հետ եւ հաղթեց Տիգրան Նալբանդյանին: Մրցաշարում իր առաջին պարտությունը կրեց Կարեն Ասրյանը` զիջելով Տիգրան Քոթանջյանին: Հաջորդ տուրում Կարենը ոչ-ոքի խաղաց Պետրոսյանի հետ եւ այժմ 3,5-ական միավորով Տիգրան Նալբանդյանի եւ Տիգրան Քոթանջյանի հետ բաժանում է 4-6-րդ տեղերը: Քոթանջյանը սպիտակներով հաղթեց Եղիազարյանին: 4 անընդմեջ պարտություններից հետո վերջապես իր օգտին առաջին կես միավորը գրանցեց գյումրեցի գրոսմայստեր Արա Մինասյանը` ոչ-ոքի ավարտելով պարտիան Նալբանդյանի հետ: Արան Դավիթ Քալաշյանի հետ կես միավորով եզրափակում է աղյուսակը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4