Ավարտվեց հայ-գերմանական միջկառավարական խորհրդակցությունը
Ֆինանսական եւ տեխնիկական համագործակցության հայ-գերմանական միջկառավարական երկօրյա խորհրդակցությունը երեկ ավարտվեց, որի արդյունքների մասին լրագրողներին տեղեկացրին Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը եւ Գերմանիայի տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության ներկայացուցիչ Ռոլֆ Բալդուսը: Հանդիպումների գլխավոր արդյունքն այն էր, որ կողմերը գոհունակություն են արտահայտել մինչ այժմ իրականացված ծրագրերից եւ որոշել են շարունակել դրանք: Թե ո՞ր ծրագրերն են դրանք, մանրամասն ներկայացրեց Վարդան Խաչատրյանը:
Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարը նշեց, որ Գերմանիան այն երկիրն է, որի հետ, մինչ Հայաստանի կառավարության կողմից աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի ընդունումը, համագործակցության ուղղությունները հստակեցվել էին, եւ գումարները հատկացվում էին կոնկրետ ծրագրերի համար: Ըստ Վարդան Խաչատրյանի, ներկայումս ծրագրեր են իրականացվում տնտեսության զարգացման, բնապահպանության, էներգետիկայի, ժողովրդավարության զարգացման, փոքր եւ միջին ձեռնարկատիրության, տեխնիկական աջակցության, համայնքների զարգացման եւ այլ ոլորտներում: Հայկական կողմը քննարկման է դրել լրացուցիչ 8 հարց, որոնց մասին, սակայն, նախարարը դեռեւս չցանկացավ մանրամասներ հաղորդել: Նա առանձնացրեց Հայաստանում հիպոթեկային վարկավորման ծրագրի ֆինանսավորումը, հիշեցնելով, որ գերմանական կողմն արդեն 6 մլն եվրո տրամադրել է այդ նպատակով եւ պատրաստակամություն է հայտնել տրամադրելու եւս այդքան:
Ռոլֆ Բալդուսը համաձայնեց Վարդան Խաչատրյանի արտահայտած մոտեցումներին երկկողմ համագործակցության առնչությամբ, ասելով, որ քննարկումների ընթացքում տարաձայնություններ չեն եղել: Նա նշեց, որ այս բանակցությունների ժամանակ գումարների տրամադրման մասին խոսակցություններ չեն եղել, եւ որ այդ մասին կխոսվի եկող տարի: Նա նշեց, որ Հայաստանի համար Գերմանիան երկրորդ խոշոր դոնորն է, եւ մինչ այժմ մեր երկրին նրա հատկացված ընդհանուր գումարը կազմել է գրեթե 200 մլն եվրո: Ըստ նախարարության ներկայացուցչի, Գերմանիան ցանկանում է ընդլայնել աջակցության ծրագիրը մասնավորապես իրավական համակարգի բարեփոխման ուղղությամբ: «Հայաստանը Եվրոպայի հարեւան երկիր է: Նա սկսել է իրավական համակարգի ռեֆորմը, որն ավելի կմոտեցնի նրան Եվրոպային», նման կարծիք հայտնեց գերմանացի պաշտոնյան: Ռոլֆ Բալդուսը նաեւ նշեց, որ Գերմանիայի համար Հայաստանը մնում է համագործակցության ոլորտում կարեւոր երկրներից մեկը, բայց իր երկիրը սկսել է իրականացնել նաեւ տարածաշրջանային ծրագրեր Հարավային Կովկասի երեք երկրներում: Դրանցից մեկը եղել է բանկային համակարգի աջակցության ծրագիր, որին Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել, եւ այն իրագործվել է միայն Հայաստանում ու Վրաստանում, մյուսըՙ բնապահպանական, որին համաձայնել են երեք երկրներն էլ: Այդուհանդերձ, Գերմանիայի ներկայացուցիչն այն կարծիքը հայտնեց, որ տարածաշրջանային համագործակցությունը միշտ էլ ավելի դժվար է եղել, քան երկկողմը:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ