Վլադիմիր Պուտինին Ադրբեջանում ցույց տրված «ջերմ» ընդունելությունն առաջին հայացքից տարօրինակ կարող է թվալ: Թեկուզ այն առումով, որ այդ երկրի քաղաքական վերնախավը զգալի չափով Ռուսաստանին է մեղադրում առհասարակ Ղարաբաղի խնդրի չկարգավորման եւ մասնավորապես Ֆրանսիայում վերջերս կայացած հայ-ադրբեջանական բանակցությունների ձախողման մեջ: Սակայն ակնհայտ է, որ Իլհամ Ալիեւն, ի տարբերություն մյուս հարեւան երկրի ղեկավարի, բավականին զգույշ է իր արտաքին քաղաքական կողմնորոշիչներում եւ ձգտում է հավասարակշռել հարաբերությունները Վաշինգտոնի ու Մոսկվայի միջեւ:
Անտարակույս, նրա մոսկվայամետ հակումները պայմանավորված են նաեւ այն «գունավոր» արեւմտածին իրադարձություններով, որոնք դարձան նրա նախընտրական արշավի վտանգաշատ ուղեկիցները եւ որոնց ընթացքում նա զգաց ռուսաց մայրաքաղաքի շոշափելի աջակցությունը:
Սակայն ամենագլխավորը, որ կրտսեր Ալիեւին թույլ է տալիս, այսպես ասած, Արեւմուտքի քթի տակ «սիրահետել» Ռուսաստանին, այն է, որ Ադրբեջանին հաջողվեց տնտեսական ու ռազմական առումով անկախանալ նրանից (ինչ արժե հենց միայն Ռուսաստանը շրջանցող Բաքու-Ջեյհան բազմամիլիարդ ծրագրերի իրագործումը) եւ դառնալ աշխարհաքաղաքական խաղացող առնվազն տարածաշրջանային մակարդակով: Իր հերթին Ռուսաստանը չէր կարող «սրտի ցավով» չհաշտվել այդ մտքի հետ, եւ ներկա փուլում երկու երկրները շեշտը դնում են տնտեսական ու, հնարավոր է, ռազմական համագործակցության վրա: Եվ վերջապես ասենք, ավելի ճիշտՙ կրկնենք, որ Ադրբեջանի համար ամենազգայունը մնում է այն, ինչի մասին վերջերս հայտարարեց Մոսկվայում նրա նորընծա դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին (նույն ինքըՙ երբեմնի երգիչը): Հատուկ նշելով, որ ոչ մի ադրբեջանցի չի կարող անտարբեր լինել Ղարաբաղի հարցում, նա խնդրի կարգավորման բանալին որոնում է Մոսկվայում:
Սակայն այս թեման չէ, որ ուզում էի զարգացնել հոդվածի մեջ: Բանն այն է, որ Պուտինի ադրբեջանական այցի «բուռն» օրերին ընթերցում էի Մոսկվայում վերջերս լույս տեսած բավականին տագնապալի վերնագրով մի գիրքՙ «Ռուսաստանի իսլամացումը»:
Գրքում բավականին կոնկրետ է հարցադրումըՙ ի վիճակի՞ է Ռուսաստանը մնալ ինքն իր հետ հեռավոր ապագայում, թե՞ նրան ինտեգրացում է սպասում: Եվ եթե ինտեգրացիա, ապա ո՞ւմ հետ. Եվրոպայի՞, որն առանձնապես չի ուզում նրան տեսնել իր շարքերում, թե՞ իսլամական աշխարհի հետՙ թուրքական տարրերի գերիշխանությամբ:
Հեղինակներն ուշադրությունն ավելի շուտ կենտրոնացնում են երկրորդ տարբերակի վրա, թեեւ դեղատոմս չեն առաջարկում, այլ խորհելու առիթ են տալիս ընթերցողին:
Ահա եւ Ռուսաստանում մուսուլմանական տարրի աշխուժացման, կազմավորման, նյութական, ժողովրդագրական, բարոյահոգեբանական, կրոնական զարթոնքի ֆոնի վրա քննության է առնվում նաեւ ադրբեջանական գործոնը որպես Ռուսաստանի տնտեսական (եւ ոչ միայն տնտեսական) կյանքում ավելի ու ավելի հզորացող եւ դրա շնորհիվ կենսագործունեության շատ այլ ոլորտներ թափանցող ագրեսիվ էթնոսի:
Ըստ գրքում բերված զանազան աղբյուրների, Ռուսաստանում այսօր բույն է դրել մինչեւ 3,5 միլիոն ադրբեջանցի, որից մոտ 2-ըՙ Մոսկվայում եւ համանուն մարզում: Նրանց չնչին մասն ունի օրինական կարգավիճակ, ինչն էլ հնարավորություն է տալիս խուսափել բազմամիլիոն հարկերից: Քանի որ «ամենաաչքի ընկնող» կովկասցիներն են (շուկա, ամենատարբեր առեւտրակետեր, փողոց եւ այլն), նրանք էլ հակակովկասյան տրամադրությունների հիմնական խթանողներն են: Գրքում այն միտքն է զարգացվում, որ ադրբեջանցիների մեջ ուժեղ են ազգակցական կապերը, էթնիկական համերաշխության ոգին, իսկ իսլամն արդարացնում է նրանց ներփակ ապրելակերպը եւ ռուսական ավանդույթների մերժումը:
Ադրբեջանական համայնքի ձեռքին են Մոսկվայի բոլոր շուկաները, եւ այդ «օկուպացված» գոտիներում չեք տեսնի երկրի մարզերում ու հանրապետություններում գյուղատնտեսական մթերքներ արտադրողների: Նրանցից գնված ապրանքներն ադրբեջանցիները վաճառում են 3-4 անգամ թանկ: Սակայն, գրքի հեղինակների կարծիքով, ամենավտանգավորն այն է, որ ադրբեջանցիները փաստորեն վերահսկում են Ռուսաստանի խոշորագույն քաղաքների մատակարարումը մթերքներով, ինչը ռազմավարական կարեւորության հարց է: Եվ պատահական չէ, որ տարեկան Մոսկվայից Ադրբեջան է «առաքվում» մոտ 8 միլիարդ դոլար: «Ադրբեջանցուն կամ չեչենին տրված ռուբլին վաղը կվերածվի գնդակի, որը կսպանի հերթական ռուսին», սա բառացի մեջբերում է գրքից:
Գրքում բերված են տվյալներ Ռուսաստանում ադրբեջանցիների ամենահանցավոր գործողությունների մասին: Ադրբեջանական համայնքը վերահսկում է մայրաքաղաքի թմրամիջոցների ու զենքի շուկայի ավելի քան 40 տոկոսը: Ըստ որոշ գնահատումների, նրանք, լինելով թմրամիջոցներ վաճառողների ամենակայուն ու ամենաբազմանդամ կլանը, հսկա մեգապոլիսում տարածում են օփիում, հերոին եւ մետադոն: Նրաք լավ կապեր ունեն ներքին գործերի մարմիններում եւ «օրինական» քողարկումՙ մրգերի ու բանջարեղենի առեւտուրը: Առհասարակ ադրբեջանցիների առեւտրական ցանցերի քողի ներքո իրենց որոգայթներն են հյուսում նաեւ թմրամիջոցների միջազգային սինդիկատները, Սաուդյան Արաբիայի, Պակիստանի, Թուրքիայի հատուկ ծառայությունները:
Հետեւությունները մխիթարական չեն. «Ի պատասխան ռուս ժողովրդի մեջ ահագնանում է մերժողական վերաբերմունքը բոլոր կովկասցիների նկատմամբ: Կենտրոնական Ռուսաստանի իսլամացումը հանգեցնում է ազգամիջյան լարվածության, իսկ հեռանկարումՙ բախումների ազգամիջյան հողի վրա»:
Ամենայն հավանականությամբ, այս հանգամանքներն էլ էին ստիպում Բաքվի վերնախավին «ջերմորեն» ընդունելու «թանկագին Վլադիմիր Վլադիմիրովիչին»: Ինչ էլ որ լինի, ադրբեջանցիները տակավին բրեժնեւյան ժամանակներից նման սրտաճմլիկ ընդունելությունների հսկայական փորձ ունեն:
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա