«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#50, 2006-03-21 | #51, 2006-03-22 | #52, 2006-03-23


ԱԲԽԱԶԻԱՅՈՒՄ ՎՐԱՑԻՆԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑ ՀԱԱԳԱՅԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Իսկ Հարավային Օսիան քննարկում է ՌԴ կազմում հայտնվելու տարբերակ

«Մենք ինքներս» վրացական հասարակական շարժման ղեկավար Պաատա Դավիտայիան վրացական լրատվամիջոցներին տեղեկացրել է, որ մարտի 21-ին դիմել է վրաց իշխանություններին` իրենց վրա վերցնելու Հաագայի Միջազգային քրեական դատարան ներկայացրած «Աբխազիայում տեղի ունեցած վրաց բնակչության ցեղասպանության եւ ռազմական հանցագործությունների» մասին իր մասնավոր հայցի շարունակությունն ապահովելը: Հասարակական շարժման ղեկավարը հայտնել է, թե Հաագայից ստացված տեղեկությամբ, Միջազգային քրեական դատարանի դատախազությունը Աբխազիայի տարածքում տեղի ունեցած հանցագործությունները դիտարկում է հենց ցեղասպանության եւ ռազմական հանցագործությունների հոդվածներով: Ընդ որում, ըստ դատարանի դատախազության, հիշատակված դեպքերը կարող են ուսումնասիրվել 2003 թ.-ի դեկտեմբերից, քանի որ այդ ժամանակվանից է թվագրվում Հաագայի դատարանի իրավասությունը:

«Հաագայի դատարանի դատախազությունը համաձայն է քրեական գործ հարուցել այս կապակցությամբ, եթե մոտակա ժամանակներում հիշատակված հանցագործությունների լրացուցիչ ապացույցներ ներկայացվեն», հայտարարել է Պաատա Դավիտայիան: Եվ քանի որ վերջինս ոչ դատախազ է, ոչ էլ որեւէ այլ լիազորություն ունի «Աբխազիայի տարածքում տեղի ունեցած հանցագործությունների հետաքննության համար», ուստի եւ չի կարող լրացուցիչ ապացույցներ ներկայացնել դատարանին: Այս խնդրի լուծման համար էլ անհրաժեշտ են վրաց իշխանությունների աջակցությունն ու մասնակցությունը:

Այն ժամանակ, երբ վրացական կողմը Հաագայի դատարանում հարց է բարձրացնում Աբխազիայում տեղի ունեցած դեպքերին գնահատական տալու նպատակով, հարավօսական խնդրի առնչությամբ իրադարձությունները զարգանում են բացարձակապես այլ ուղղությամբ: Երեկ Հարավային Օսիայի առաջնորդ Էդուարդ Կոկոյտին հայտարարել է, որ հարավ-օսական իշխանությունները պատրաստվում են դիմել Ռուսաստանի սահմանադրական դատարան` պատմական փաստաթղթերի հիման վրա Հարավային Օսիան Ռուսաստանի մաս ճանաչելու համար (Հարավային Օսիայի բնակիչների 95 տոկոսը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի են): Հարավային Օսիայի ներկայացմամբ, գոյություն ունի փաստաթուղթ, որի համաձայն 1774 թ.-ին միասնական Օսիան մտել է Ռուսական կայսրության կազմի մեջ, իսկ Օսիայի հարավային հատվածի դուրս գալու մասին որեւէ փաստաթուղթ չկա:

Ի դեպ, Ռուսաստանի սահմանադրական դատարանը, «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ի հաղորդմամբ, սկզբունքորեն կարող է նման դիմում քննարկել, ավելին, դատարանը իրավասու է քննարկելու նաեւ օտարերկրացիների դիմումներ, ինչպիսի նախադեպեր արդեն եղել են: Միեւնույն ժամանակ Ռուսաստանի Պետդումայի առաջին փոխնախագահ Օլեգ Մորոզովն, իր հերթին, հայտարարել է, որ եթե Վրաստանը շարունակի ռազմական բախումների քաղաքականությունը եւ վտանգի Հարավային Օսիայի քաղաքացիների կյանքը, ապա Ռուսաստանը դիտորդի կարգավիճակում չի լինի:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4