«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#51, 2006-03-22 | #52, 2006-03-23 | #53, 2006-03-24


ՀԱՅԵՐԵՆԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԿԴԱՌՆԱ՞ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԿԻՑ ԱՌԱՆՁԻՆ ՄԱՐՄԻՆ

Լեզվի պետական տեսչության իրավասության ներքո գործող հայերենի բարձրագույն խորհուրդը ակադեմիկոս Գեւորգ Ջահուկյանի մահից հետո անցած տարվա օգոստոսից նիստեր չի գումարել եւ առ այսօր խորհրդի նախագահ չի ընտրել: Տեսչության պետի տեղակալ Մարինե Հովյանի ասելով, դրա պատճառը հետեւյալն է. «Հիմա մենք պատրաստում ենք «Ուղղագրական ու տերմինաբանական տեղեկատուն», որը խորհրդի քարտուղար, ակադեմիկոս Հովհաննես Բարսեղյանը ցանկանում է ներկայացնել հայերենի բարձրագույն խորհրդի անդամներին: Տեղեկատուն լույս կտեսնի ամենաուշը ապրիլի սկզբին, հույս ունենք, որ դրանից հետո խորհրդի նիստերը կանոնավոր կհրավիրվեն:

Առայժմ նա ձեռնպահ է մնում ու չի ուզում խորհրդի անդամներին նիստի հրավիրել»:

Հովյանի այս բացատրությունը զարմացրեց Հովհաննես Բարսեղյանին. «Ես ինչո՞ւ պիտի սպասեմ այդ տեղեկատուին, որը վաղուց պիտի հրատարակված լիներ: Ես իմ գործը 10 տարի առաջ ավարտել եմ, այսքան ձգձգեցին, որովհետեւ որոշում էին, թե ո՞վ պիտի հրատարակի ու առավել շահույթ ստանա դրանից: Հիմա բոլորը միայն շահույթի մասին են մտածում:

Հայերենի բարձրագույն խորհրդի նիստը պետք է գումարվի կրթության ու գիտության նախարար Սերգո Երիցյանի մասնակցությամբ: Լեզվի տեսչությունն իրեն արդեն նախարարությո՞ւն է համարում: Տեսչությունը զբաղված է սրան-նրան տուգանելով, նա լեզվի խորհրդի նիստեր հրավիրելու իրավասություն չունի», ասաց Հովհաննես Բարսեղյանը:

Հայերենի բարձրագույն խորհրդի անդամներն անմիտ ու անհեթեթ են համարում հայերենի բարձրագույն խորհրդի ներկայիս կարգավիճակը: Անցած տարի գումարված խորհրդի վերջին նիստում նրանք քննարկել են հայերենի բարձրագույն խորհուրդը հանրապետության նախագահին կից առանձին մարմին դարձնելու հարցը: «Ստեղծվեց մի հանձնախումբ, որը պետք է գրություն ուղարկեր հանրապետության նախագահին ու մեկ ամսվա ընթացքում մեզ տեղեկացներ պատասխանի մասին: Արդեն անցել է մի քանի ամիս, սակայն հանձնախմբի անդամները ոչ մի տեղեկություն չունեն: Ջահուկյանի մահից հետո խորհրդի նախագահ չի ընտրվել, սակայն Հովհաննես Բարսեղյանը բավական ակտիվ աշխատում է: Լեզվի պետական տեսչությունը դեռեւս գոյություն չուներ, երբ տերմինաբանական կոմիտեն հսկայական աշխատանք էր ծավալում: Վերջինիս փոխարեն ստեղծված հայերենի բարձրագույն խորհուրդը այսօր չափազանց կարեւոր դերակատարում ունի, որովհետեւ հայոց լեզվի վիճակն այսօր աղետալի է: Անկեղծ ասած, ես չեմ պատկերացնում լեզվի տեսչության դերը: Դրա իրավունքները շատ սահմանափակ են, իսկ այդպիսի պայմաններում անմտություն է հայերենի բարձրագույն խորհուրդը տեսչության ենթակայության տակ դնելը:

Բնական է, որ այդ կարգավիճակում ի չիք է դառնում հայերենի բարձրագույն խորհրդի գործունեությունը, որը չափազանց կարեւոր է մեր օրերում: Խորհուրդն ունի բազմաթիվ ենթախմբեր, լեզվաբանները հավաքվում, քննարկում են լեզվում առկա խնդիրները, նոր տերմինների կիրառման հարցը, կարծիքներ հայտնում քերականական հարցերի վերաբերյալ, ընդունում կամ մերժում», ասաց ԳԱ ակադեմիայի լեզվաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Լավրենտի Հովհաննիսյանը:

Խորհրդի անդամների ուղարկած նամակի պատասխանից լեզվի պետական տեսչությունում տեղյակ չեն: «Հայերենի բարձրագույն խորհրդի կարգավիճակի փոփոխություն չի եղել, խորհուրդը մնում է որպես տեսչության խորհրդատվական մարմին: Կարգավիճակը փոխելու վերաբերյալ խորհրդի անդամների դիմումի պատասխանի մասին մեզ ոչինչ հայտնի չէ, քանի որ դիմումը մեր միջոցով չի ուղարկվել», ասաց Մարինե Հովյանը:

Ներկա դրությամբ Հովհաննես Բարսեղյանը սպասում է կրթության ու գիտության նախարարի հրավերին: Ամենայն հավանականությամբ անվանի լեզվաբանը դեռ երկար կսպասի նրա հետ առանձնազրույցին, որովհետեւ «նախարարը զբաղված է քաղաքական հարցերով, ակադեմիան փակել-չփակելով, ռեկտորներ ընտրելով, դպրոցներում կրթական բարեփոխումներ անելով եւ այլնով»: Իսկ դա նշանակում է, որ լեզվի բարձրագույն խորհրդի նիստեր դեռ երկար չեն հրավիրվի:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4