Ազգային օպերային թատրոնում այսօր կնշվի պարարվեստի ուսումնարանի հիմնադրման 80-ամյակը, որի առթիվ ուսումնարանի կոլեկտիվը պատրաստվում է 2 ժամանոց հոբելյանական ծրագրի: Ուսումնարանի տնօրեն Վիլեն Գալստյանի ներկայացմամբ ծրագիրը բաղկացած է երկու մասից եւ ընդգրկում է դասական ու ժողովրդական պարեր: Առաջին հատվածում կներկայացվեն Բեթհովենի «Տոնական ուվերտյուրան», Ադանի «Կորսառ» բալետը, Չինզանոյի «Պադեդե», Դեբյուսիի «Դուետ» բեմադրությունները եւ դասական այլ համարներ: Իսկ համերգի երկրորդ բաժնում նախատեսվում է ներկայացնել հայկական ժողովրդական պարերի ծաղկեփունջ:
Որպես դպրոց-ստուդիա հիմնադրված ուսումնարանի 80-ամյակը լրացել էր նախորդ տարի եւ հոբելյանի ուշացման պատճառները շատ են: Ամենակարեւորը կատարվող անընդմեջ փոփոխություններն են` սկսած նախարարներից մինչեւ ուսումնարանի տնօրենի նշանակման աղմկալի գործընթացները: Իսկ ֆինանսական խնդիրների մասին խոսելիս Վիլեն Գալստյանը նշեց, որ հոբելյանի կապակցությամբ մշակույթի նախարարությունն արդեն մոտ 1 մլն 200 հազար դրամ հատկացում արել է, որը սակայն դեռ չեն ստացել:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ