Շախմատի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց բարձրագույն խմբի առաջնության ավարտին մնաց մեկ տուր: Այսօր կայանալիք 9-րդ տուրի հանդիպումները վերջնական տեսքի կբերեն մրցաշարային աղյուսակները:
Նախորդ օրը կայացած 8-րդ տուրից հետո տղամարդկանց մրցաշարի առաջատար Արտաշես Մինասյանին կարելի է արդեն շնորհավորել չեմպիոնի տիտղոսը գրեթե նվաճելու համար: Նա սեւերով պարտության մատնեց Արսեն Եղիազարյանին եւ վաստակեց 6,5 միավոր: Մինասյանին միավորներով կարող է հասնել միայն Արման Փաշիկյանը, որն իր օգտին հաղթանակ գրանցեց Դավիթ Քալաշյանի հետ պարտիայում ու վաստակեց 5,5 միավոր: Չեմպիոնի կոչմանն արժանանալու համար Արտաշես Մինասյանին բավական է ավարտական տուրում ոչ-ոքի խաղալ Կարեն Ասրյանի հետ: Փաշիկյանը մրցելու է Տիգրան Քոթանջյանի հետ: Այս երկու պարտիաներից հետո հայտնի կդառնա չեմպիոնը:
Համառ պայքար է ընթանում նաեւ մրցանակային 2-րդ եւ 3-րդ տեղերի համար: Դրանց հավակնում են 5-ական միավոր ունեցող Աշոտ Անաստասյանը, Տիգրան Քոթանջյանն ու Կարեն Ասրյանը: Քոթանջյանը հաղթեց Արա Մինասյանին, Ասրյանն ու Անաստասյանը համապատասխանաբար խաղաղ դաշն կնքեցին Նալբանդյանի եւ Պետրոսյանի հետ:
Կանանց մրցաշարում 8-րդ տուրի կենտրոնական հանդիպումն առաջատարներիՙ Նելլի Աղինյանի եւ Սիրանուշ Անդրեասյանի մրցավեճն էր: Հաղթանակի դեպքում Անդրեասյանը կարող էր շրջանցել Աղինյանին եւ ստանձնել առաջատարի դերը: Սակայն մրցաշարի ամենափորձառու մասնակից Աղինյանը սպիտակներով հաշտություն կնքեց մրցակցուհու հետ եւ ավարտական տուրից առաջ 6,5 միավորով շարունակում է գլխավորել աղյուսակը: 9-րդ տուրում նա կմրցի Լիլիթ Գալոյանի հետ: Առաջատարից կես միավորով հետ մնացող Սիրանուշ Անդրեասյանի մրցակցուհին կլինի Նարինե Գասպարյանը: Վերջինս Լիանա Աղաբեկյանի եւ Լիլիթ Գալոյանի հետ 5-ական միավորով բաժանում է 3-5-րդ տեղերը: 8-րդ տուրը հաջող էր վերը նշված երեք շախմատիստուհիների համար, որոնք իրենց օգտին հաղթական միավորներ գրանցեցին: Գալոյանը հաղթեց Մարիանա Գասպարյանին, Նարինե Գասպարյանը պարտության մատնեց Նունե Դարբինյանին, իսկ Լիանա Աղաբեկյանն առավելության հասավ Լուսինե Ալավերդյանի նկատմամբ: Անահիտ Խառատյանն էլ պարտության մատնեց Նաիրա Մովսիսյանին:
Եվ այսպես, այսօր կկայանա տղամարդկանց 66-րդ առաջնության եւ կանանց 60-րդ առաջնության ավարտական տուրը, որն էլ կանվանի Հայաստանի նոր չեմպիոններին:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ