Այսպես տարեցտարի հետադիմելու ենք
Քաղաքակրթությունների հակասությունների ու բախման մասին բանավեճերը վերջին ժամանակներս տեղափոխվել են մեր իրականություն, ուր փորձ է արվում բախման կիզակետում տեսնել Հայաստանի տեղն ու դերը: Փիլիսոփա Աշոտ Ոսկանյանը խնդրո առարկա հարցը վերլուծում է գերիշխող 2 կարծիքների առկայությամբ, որոնցից մեկի պնդմամբ քաղաքակրթությունների բախումն աշխարհում ուժգնանում է, իսկ մյուսն այդ պատմությունը ավարտված է համարում ժողովրդավարության մոդելի հաստատումով, համոզված, որ ազատականությունը գալիս է վերացնելու քաղաքակրթական բոլոր հակասությունները: Մեր իրականության մեջ այս թեման չափից ավելի շոշափելը, ըստ նրա, խելամիտ չէ, քանի որ խորհրդային տարիներին Հայաստանը գոյություն ուներ միայն սոցիալիստական երկրների համար, մինչդեռ այսօր բաց է համայն աշխարհի համար: Բացի այդ հարցը պետք է անպայման դիտել պատմական զարգացման մեջՙ հասարակության ուշադրությունը բեւեռելով սոցիալական խնդիրների վրա: Մշակութային հարցերը շարունակաբար առանձնացնելով, դուրս են մղվում հասարակականն ու սոցիալականը, որոնք նույնպես մշակութային են եւ ավելի տարողունակ մեր կյանքում:
«Հայելի» ակումբում հիշյալ թեմայի մասին մտքեր հայտնեց նաեւ մշակութաբան Հրաչ Բայադյանը: Քաղաքակրթությունների բախումը, նրա կարծիքով, այսօր նկատելի է ամենուրեք, Արեւմուտքն ու Արեւելքն այսօր պայքարում են ոչ թե վիրտուալ տարածության մեջ, այլ դեմառդեմ բախվում տարբեր երկրներում: «Մենք այսօր լավ չենք պատկերացնում տարբեր մշակույթների առկայությունը նույն հասարակության մեջ, բայց Հայաստանը կամաց-կամաց դառնում է բազմամշակութային, եւ Երեւանում տարբեր ազգությունների ուսանողների ներկայությունը մեզ թույլ կտա մի քանի տարի հետո նշմարել բազմաէթնիկ հասարակության դժվարություններն ու ավելի լավ հասկանալ գլոբալ երեւույթները», ասաց նա:
Իսկ ինչպե՞ս է Հայաստանը պահպանելու իր յուրահատկությունը արդի աշխարհի մշակութային խառնարանում: «Քաղաքակրթության հակադրության գործոնը մեզանում շատ փոքր է: Քաղաքակրթության մասին խոսելիս շատ վերեւից ենք նայում իրականությանը, փնտրում ենք ահռելի հարցեր, մոռանալով մեզ համար լուծելի ամենակարեւոր խնդիրները: Այո, մեր երկրում շատանալու են տարբեր ազգությունները, ու պետք է պատրաստ լինենք այդ հարցը ճկուն լուծելու», ասաց Ոսկանյանը:
«Երբ այսօր խոսում ենք Արեւմուտք-Արեւելք բաժանման մասին, չպիտի մոռանանք, որ այդ գաղափարը ծնվել է Արեւելքից ծնված Արեւմուտքում: Արդյոք ճի՞շտ է այդ բաժանումն անել եւ որոշել Հայաստանի տեղը դրանց միջեւ: Եթե այժմ խոսում ենք բաժանման մասին, ուրեմն Արեւմուտքի գաղափարախոսությունն ենք կրում», նշեց Բայադյանը:
Եվրոմիության դռները Հայաստանի առջեւ բացված տեսնելու մեր ձգտումը դեռ շատ հեռու է իրականություն դառնալուց, քանի որ մեր քրիստոնյա լինելու փաստը եվրոպացիների համար էական նշանակություն չունի, նրանք կարեւորում են տվյալ երկրի լուսավորականությունը, որի հիմքում հասարակության մեջ տեղի ունեցող երեւույթները բանականության լույսի տակ դիտելն է:
Նրանք համակարծիք էին, որ այս առումով մեր իրականության մեջ պատկերը բավականին տխուր է, որովհետեւ ո՛չ զարգացած հասարակություն ունենք, ո՛չ էլ մտավորականություն: Այդ դեպքում ո՞վ պիտի իր վրա վերցնի հասարակությանը զարգացնելու ծանր բեռը, մանավանդ որ իշխանավորներին բնավ ձեռնտու չէ բարձր գիտակցություն ունեցող եւ իր խնդիրների մասին անվերջ բարձրաձայնող հասարակություն ունենալը: Հրաչ Բայադյանի համոզմամբ, դրանով պետք է զբաղվեն ոչ թե իշխանավորները, այլ մտավորականությունը, բայց քանի որ մտավորականություն չունենք, ուրեմն ներկայիս ճահիճն ու հետադիմությունն ավելի են խորանալու:
«Հասարակություն չունենք, մտավորականություն չունենք, պետություն չունենք», այս ընդհանրացումներով արդյոք ավելի չե՞նք ընկճում մեր հասարակության ողջամիտ ու գիտակից, եվրոպացիներին ոչնչով չզիջող խավին, որը եթե դարձել է պասսիվ ու հարմարվող, ապա միայն իր խնդիրների հանդեպ չինովնիկների ընդգծված անտարբերության ու քամահրանքի պատճառով: Նույն վիճակում են նաեւ մտավորականության լավագույն ներկայացուցիչները: Նրանցից շատերը համոզվել են, որ պատը կմնա պատ, կպակասի մի լավ ճակատ:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ