«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#52, 2006-03-23 | #53, 2006-03-24 | #54, 2006-03-25


ՀԱԿԱՌԱԿ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՅՈԶԻ ԴԵՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՊԱՅՔԱՐԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄՏԱՀՈԳԻՉ ՄՆԱԼ

Տուբերկուլյոզի համաճարակաբանական իրավիճակն աշխարհում շարունակում է մտահոգիչ մնալ: Այդ են վկայում յուրաքանչյուր տարի արձանագրվող տուբերկուլյոզով հիվանդների 9 մլն նոր դեպքերը, որոնցից 2 մլն-ը մահանում է: Հայաստանում եւս վերջին տասնամյակում հիվանդացության նկատելի աճ է արձանագրվել: Երեկ տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օրվա առիթով հրավիրված հանդիպման ժամանակ այս մասին ասացին տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային ծրագրի (ՏԱԾ) ղեկավարներն ու ներկայացուցիչները:

ՏԱԾ ծրագրի ղեկավար, առողջապահության նախարարության բուժվարչության պետ Վահան Պողոսյանի խոսքերով, 2005 թ.-ի տվյալներով մեր հանրապետությունում գրանցված է եղել 6455 հիվանդ, որից 2006-ը առաջնակի հիվանդացության դեպքերն են: Գրանցված 2006 դեպքից 2005 թ.-ին մահացությունը կազմել է 5,2 տոկոս կամ 167 մարդ: Ծրագրի ղեկավարը համոզված է, որ ոչ այնքան հիվանդացության դեպքերն են շատացել, որքան հիվանդներին դաշտ բերելու դեպքերը:

Ազգային ծրագիրը Հայաստանի կառավարությունը հաստատել է 2003թ., որի հիմնական ուղղություններն են տուբերկուլյոզի կանխարգելումը, ժամանակին հայտնաբերումն ու բուժումը: Բուժվարչության պետի խոսքերով, պետության համար այսօր առաջնահերթություն է հիվանդության վաղ հայտնաբերումն ու հետագա բուժումը: Սա, իհարկե, չի նշանակում, որ բուժման ուղղությամբ աշխատանքներ չեն իրականացվում: Ծրագրի շրջանակներում վերանորոգվել են մի շարք բժշկական հիմնարկներ եւ դիսպանսերներ, ձեռք են բերվել լաբորատոր եւ այլ սարքավորումներ, հիմնվել է ՏԱԾ-ի կենտրոնը, հիվանդության բուժումն ընդգրկվել է ամբուլատոր պոլիկլինիկական ցանցում: Ի դեպ, Հայաստանում տուբերկուլյոզի ախտորոշումն ու բուժումն անվճար են: Չնայած հիվանդության իրավիճակին` ոլորտի պատասխանատուները վստահեցնում են, որ այսօր տուբերկուլյոզը բուժելի է վաղ ախտորոշման եւ ճիշտ բուժման դեպքում:

Վահան Պողոսյանը հայտնեց, որ ազգային ծրագրի շարունակականությունը մինչեւ 2011 թ. ապահովելու համար կառավարությունը նախատեսում է հաստատել նոր ռազմավարություն: Դրա համար կհատկացվի 1 մլրդ-ից ավելի դրամ: Նույն խնդրին աջակցելու համար առաջիկա 5 տարիներին յոթ մլն դոլար էլ կհատկացվի «Գլոբալ» հիմնադրամից:

Հիվանդության դեմ պայքարի համար 1998 թ.-ից Հայաստանում իրականացվում է Առողջության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) «Դոթս» ռազմավարությունը: Վերջինիս իրագործմանն աջակցում են մի շարք այլ կազմակերպություններ` Հայկական կարմիր խաչը, «Ամկոր» ընկերությունը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն եւ ուրիշներ: ԱՀԿ երեւանյան գրասենյակի տնօրեն Էլիզաբեթ Հոֆֆը գնահատեց արված աշխատանքը, սակայն շեշտեց, որ կանխարգելումը եւ բուժումը պետք է ավելի կատարելագործել:

Հ. Գ. Տուբերկուլյոզը հայերեն անվանում են պալարախտ, իսկ ավելի տարածված է եղել թոքախտ անվանումը: Հիվանդության ինֆեկցիոն բնույթը հաստատվել է 1965 թ., իսկ հակատուբերկուլյոզային պատվաստանյութը (վակցինան) ստեղծվել է 1921 թ.:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4