«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#52, 2006-03-23 | #53, 2006-03-24 | #54, 2006-03-25


«ԾՆՈՂԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ՀԶՈՐԱՑՈՒՄ» ԵՌԱՄՅԱ ԾՐԱԳԻՐՆ ԱՐԺԵ ՄՈՏ 865 ՀԱԶԱՐ ԵՎՐՈ

Հասարակական առումով ակտիվ ու արդյունավետ ծնողկոմիտեներ ունենալու համար Եվրոմիությունն ու ֆրանսիական «Կարիտաս» կազմակերպություններն իրականացնում են «Դպրոցների ծնողխորհուրդների հզորացում» եռամյա ծրագիրը, որի շնորհիվ արդեն 40 դպրոցների ծնողխորհուրդներ դարձել են ՀԿ-ներ: Կա արդեն այդ ՀԿ-ների աշխատանքները համակարգող ասոցիացիա, որի գրասենյակի բացումը երեկ տեղի ունեցավ Եվրոմիության հայաստանյան ներկայացուցչության շենքում: Ծնողկոմիտեների ծրագրի ներդրման կարեւոր կողմն է տարբեր դասընթացների կազմակերպումը, որոնց շնորհիվ ծնողները կարող են սովորել ծրագրի առաջարկ գրել, դպրոցի կարիքների համար ֆինանսներ հայթայթել տարբեր կառույցներից ու գործարարներից, վարել բանակցություններ, ձեռք բերել կոնֆլիկտների կառավարման գիտելիքներ, թիմային աշխատանքի փորձ եւ այլն:

Ծնողկոմիտեների ծրագիրը ֆրանսիական դպրոցում առկա փորձի ներդրումն է մեզ մոտ: Այնուամենայնիվ, ինչպես նշում է ծրագրի ղեկավար Գագիկ Սարգսյանը, որ ծանոթ է ֆրանսիական ծնողկոմիտեներին ոչ թե լսելով, այլ անձամբ ծանոթացել է դրանց Ֆրանսիայում, գտնում է որ հայկական ու ֆրանսիական ծնողկոմիտեներն անգամ չի կարելի համեմատել, քանի որ Ֆրանսիայում կան 150 տարվա պատմություն ունեցող ծնողխորհուրդներ եւ ասոցիացիաներ, որոնք մոտ 300-400 հազար անդամ ունեն:

Թե ինչ իրական առավելություններ ունեն նորաստեղծ ծնողխորհուրդ ՀԿ-ները, կարելի է տեղեկանալ Գյումրու եւ Գեղարքունիքի մարզի որոշ սահմանամերձ եւ հեռավոր գյուղերի, ինչպես նաեւ Երեւանի թիվ 34, 72,198, 156,140 դպրոցների աշակերտներից ու նրանց մոտ 380 ծնողներից:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4