«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#52, 2006-03-23 | #53, 2006-03-24 | #54, 2006-03-25


ԱՎԱՐՏԱԿԱՆ ՏՈՒՐՆ ԱՆՎԱՆԵՑ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻՆ

Վերջնագիծը հատեցին շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի տղամարդկանց եւ կանանց առաջնությունները, որոնք աչքի ընկան պայքարի լարվածությամբ: Ավարտական տուրն անվանեց մրցանակակիրներին:

Դրամատիկ ելք ունեցավ կանանց առաջնությունը: Ողջ մրցաշարի ընթացքում առաջատարի դերն ստանձնած միջազգային գրոսմայստեր Նելլի Աղինյանին չհաջողվեց նվաճել չեմպիոնուհու տիտղոսը: Ավարտական տուրում Աղինյանին անհրաժեշտ էր կես միավոր վաստակել Լիլիթ Գալոյանի հետ պարտիայում: Վերջինիս համար էլ պարտիան կարեւոր նշանակություն ուներ, քանի որ հաղթանակի դեպքում կարող էր մրցանակակիր դառնալ: Նելլի Աղինյանը, որ մրցաշարում անպարտելի էր, վերջին տուրում զիջեց Լիլիթ Գալոյանին եւ ի վերջո 6,5 միավորով ճանաչվեց 2-րդը: Իսկ չեմպիոնուհու տիտղոսին արժանացավ էջմիածնեցի 20-ամյա շախմատիստուհի Սիրանուշ Անդրեասյանը, որը հաղթելով Նարինե Գասպարյանին, վաստակեց 7 միավոր: Սիրանուշն առաջին անգամ է արժանանում Հայաստանի չեմպիոնուհու տիտղոսին:

Համառ պայքար էր ծավալվել 3-րդ տեղի համար: Բրոնզե մեդալ նվաճելու համար Լիանա Աղաբեկյանին Անահիտ Խառատյանի հետ պարտիայում միայն հաղթանակ էր անհրաժեշտ: Սակայն երկարատեւ պայքարից հետո գրանցվեց ոչ-ոքի: Այսպիսով, 3-րդ տեղը 6 միավորով զբաղեցրեց Լիլիթ Գալոյանը:

Եթե կանանց մրցաշարի ավարտական տուրը լի էր անակնկալներով, ապա տղամարդկանց մրցաշարում ամեն ինչ իր հունով ընթացավ: Ինչպես եւ սպասվում էր, չեմպիոնի տիտղոսը նվաճեց Արտաշես Մինասյանը, որը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Արսեն Եղիազարյանի հետ եւ վաստակեց 7 միավոր: Արտաշեսը 6-րդ անգամ նվաճեց Հայաստանի չեմպիոնի տիտղոսը: 2-րդ տեղը 6 միավորով զբաղեցրեց Արման Փաշիկյանըՙ հաղթելով Դավիթ Քալաշյանին: Փաշիկյանը 3-րդ անգամ լրացրեց գրոսմայստերի նորման եւ շուտով Հայաստանի գրոսմայստերների ընտանիքը նոր համալրում կստանա: Բրոնզե մրցանակակիր դարձավ Տիգրան Քոթանջյանը, որը հաղթելով Արա Մինասյանին, վաստակեց 5,5 միավոր եւ առաջին անգամ լրացրեց միջազգային գրոսմայստերի նորման:

Մրցաշարի ավարտից հետո կայացավ պարգեւատրման հանդիսավոր արարողությունը: Մրցանակակիրները պարգեւատրվեցին մեդալներով եւ դրամական պարգեւներով: Արտաշես Մինասյանը պարգեւատրվեց 1,5 մլն դրամով, Սիրանուշ Անդրեասյանըՙ 300 հազար դրամով:

Ներկայացնենք մրցաշարի ամփոփիչ արդյունքները:

Տղամարդիկ

1. Արտաշես Մինասյան7
2. Արման Փաշիկյան6
3. Տիգրան Քոթանջյան5,5
4. Աշոտ Անաստասյան5,5
5. Կարեն Ասրյան5,5
6. Տիգրան Պետրոսյան4,5
7. Տիգրան Նալբանդյան4,5
8. Արսեն Եղիազարյան3
9. Արա Մինասյան2
10. Դավիթ Քալաշյան1,5

Կանայք

1. Սիրանուշ Անդրեասյան7
2. Նելլի Աղինյան6,5
3. Լիլիթ Գալոյան6
4. Լիանա Աղաբեկյան5,5
5. Նարինե Գասպարյան5
6. Մարիանա Գասպարյան5
7. Անահիտ Խառատյան4,5
8. Նունե Դարբինյան3,5
9. Լուսինե Ալավերդյան1,5
10. Նաիրա Մովսիսյան0,5

Արտաշես Մինասյանն իրավունք ստացավ Հայաստանի շախմատի հավաքականի կազմում մասնակցել մայիսին Թուրինում կայանալիք օլիմպիադային: Սիրանուշ Անդրեասյանն էլ հանդես կգա կանանց հավաքականում: Բացի այդ, տղամարդկանց մրցաշարում 1-5-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստներն իրավունք ստացան մասնակցելու ապրիլի 1-ին մեկնարկող Եվրոպայի անհատական առաջնությանը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4