Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերի շրջանակում մարտի 17-19-ը Մոսկվայում Հայաստանի դեսպանատան մշակութային կենտրոնում կազմակերպվել են Նախիջեւանի պատմության ու մշակույթի հարցերի վերաբերյալ քննարկումներ, ինչպես նաեւ Նախիջեւանի տարածքի հայկական հուշարձանների եղեռնագործության դատապարտման միջոցառումներ: Մարտի 17-ին բացվել է ճանաչված հայագետ-նախիջեւանագետ Արգամ Այվազյանի «Նախիջեւան-պատմամշակութային վկայախոսներ» հեղինակային գիտափաստագրական լուսանկարների ցուցահանդեսը: Ցուցադրվել է նաեւ հեղինակի «Քանդված հայաշխարհ» տեսաֆիլմաշարի առաջինՙ «Խլված մեղեդիՙ Ջուղա» ֆիլմը: Վերջինի ցուցադրությունը տեղի է ունեցել նաեւ Ռուսաստանի հայերի միության մշակութային կենտրոնում: Մարտի 19-ին անցկացվել է կլոր սեղան, որին հայկական կազմակերպություններից բացի մասնակցել են նաեւ ռուսական հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, ռուս մտավորականներ, գիտնականներ, մամուլի ներկայացուցիչներ: Քննարկումից հետո ընդունվել է դիմումՙ ուղղված Ռուսաստանի նախագահին, կառավարությանը, Պետդումային, ռուսական եկեղեցուն, քաղաքական ու հասարակական կազմակերպություններին: «Դատապարտում ենք Հին Ջուղայի հայկական պատմամշակութային հուշարձանները 1998- 2006 թթ. բարբարոսաբար ոչնչացնելու Ադրբեջանի իշխանությունների արարքը, կարդում ենք դիմումի մեջ: Ներկա պահին, երբ փնտրվում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները, պաշտոնական Բաքուն անամոթաբար ավարտին հասցրեց Նախիջեւանում վանդալիզմի վերջին փուլըՙ վերացնելով ավելի քան 27 հազար հայկական հուշարձաններ:
Վրդովմունքով հայտնում ենք, որ Ադրբեջանը շարունակում է Ռուսաստանի, Հայաստանի ու կովկասյան տարածաշրջանի պատմական փաստերը խեղաթյուրելու պետական քաղաքականությունը, թյուրիմացության մեջ գցելով սեփական ժողովրդին եւ միջազգային հանրությանը: Այս ամենը հակասում է պատմամշակութային ժառանգության մասին ՄԱԿ-ի 1948 թվականին ընդունած հռչակագրին:
Դիմում ենք Ռուսաստանի պետական ու հասարակական կառույցներին, ռուս ուղղափառ եկեղեցուն, զանգվածային լրատվամիջոցներին, կոչ անելով դատապարտել վանդալիզմի նշյալ դրսեւորումները, ինչպես նաեւ Ադրբեջանի իշխանություններից պահանջել խստորեն հետեւել այլ ժողովուրդների պատմամշակութային ժառանգությունը պահպանելու միջազգային նորմերին ու պարտավորությունների կատարմանը»:
Ռ. Պ.