«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#53, 2006-03-24 | #54, 2006-03-25 | #55, 2006-03-28


ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՍԵՐԻԱԼ «ԳԱԶԱՅԻՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԱՆՎԱՄԲ

Որի վերաբերյալ մեկնաբանություններում տրամաբանությունն իսպառ բացակայում է

Գազի գներն, ի վերջո, բարձրացան: Դեռես տարեվերջին ռուսական «Գազպրոմ» ընկերության ղեկավարները հայտարարեցին, որ Անդրկովկասի երեք երկրների համար էլ սահմանվելու է միասնական սակագինՙ 110 դոլար 1000 խմ համար: Ադրբեջանում եւ Վրաստանում դա, բնականաբար, հիացմունքով չընդունվեց, բայց ռուսական կողմի նման մոտեցումն առավել մեծ տարակուսանք եւ դժգոհություններ առաջացրեց Հայաստանում: Ռուսաստանը տարածաշրջանում իր ռազմավարական դաշնակցիՙ մեր երկրի նկատմամբ պետք է ցուցաբերեր տարբերակված մոտեցում: Սա էր Հայաստանի հասարակական եւ քաղաքական շրջանակների տեսակետը:

Սակայն «Հայռուսգազարդ» ընկերության ղեկավարը, Հայաստանի իշխանություններըՙ սկսած էներգետիկայի նախարարից մինչեւ վարչապետ եւ երկրի նախագահ, սկսեցին հավաստիացնել, որ Հայաստանի համար այդ սակագները վերջնական չեն եւ ռուսական կողմի հետ բանակցությունները շարունակվում են: Եվ այդ հավաստիացումն արդեն վերածվում է անվերջ ձգվող սերիալի:

Պարզապես հիշեցնենք այդ սերիալի առավել ուշագրավ պահերը: Գազի սակագների վերաբերյալ պայմանավորվածությունը նախ ակնկալվում էր երկու երկրների նախագահների Սոչիում նախատեսված հանդիպումից: Սակայն դա տեղի չունեցավ: Ավելին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ այդ հարցը տնտեսական բնույթ ունի եւ պետք է կարգավորեն տնտեսվարողները: Հաջորդը Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Ֆրադկովի այցն էր Հայաստան: Սակայն վերջինս էլ իր հերթին սահմանափակվեց միայն հայտարարությամբ, որ կողմերը կգտնեն փոխադարձաբար շահավետ տարբերակ, եւ դա չի կարող ազդել ռազմավարական գործընկերության վրա: Մեկ այլ արար էին Ռուսաստանում Հայաստանի տարվա բացումը եւ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Մոսկվա այցն այդ կապակցությամբ: Ռուսական մամուլն այդ օրերին գրում էր, որ Ռոբերտ Սեդրակովիչը Մոսկվա էր ժամանել ավելի շատ գազի գինը իջեցնելու, քան մշակութային տարվա բացման համերգին մասնակցելու համար: Սակայն գազի հարցն այդ անգամ էլ մնաց բացՙ «բանակցությունները շարունակվում են» ընդհանուր ձեւակերպման շրջանակներում:

Բանակցությունների մասին. Նախ խոսվում էր, որ դրանք ընթանում են սակագների բարձրացման հետեւանքները մեղմացնելու տարբերակներ գտնելու շուրջը, ապա նշվում, թե չի բացառվում, որ սակագինը դարձյալ փոխվի: «Հայռուսգազարդ» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը մինչ սակագների բարձրացման հայտ ներկայացնելը լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց, որ գազի գների հարցում ամեն ինչ լավ է: Այն հարցին, թե «լավ» ո՞ւմ համար, նա հետեւյալ պատասխանը տվեց. «Ձեզ թվում է, որ մեզ համար գների բարձրացումը լա՞վ է»: Ինչից դատելով, կարելի է եզրակացնել, որ Հայաստանի համար գազի սակագները, համենայն դեպս, կարող են ավելի ցածր լինել 110 դոլարից: Այնուհետեւ վարչապետը, էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը լրագրողների հետ յուրաքանչյուր հանդիպման ժամանակ գազի սակագները վերջնական չէին համարում եւ բանակցությունների ավարտի հերթական ժամկետներ էին խոստանում: Նախ դա փետրվարի սկիզբն էր, հետոՙ կեսերը, հետոՙ վերջը, հետոՙ մարտի սկիզբը, ապաՙ մարտի կեսերը: Անգամ այն բանից հետո, երբ «Հայռուսգազարդի» հայտը ներկայացվեց հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, սպառողների համար սակագնային փոփոխություններ եղան, հրապարակվեց ռուսական կողմի հետ համաձայնագրի տեքստը, ըստ որի, Հայաստանի համար գազի գին է սահմավել 110 դոլարը, որն ուժի մեջ պետք է մտնի ապրիլի 1-ից, եւ թվում էր, թե այլեւս ամեն ինչ պարզ է, այս ոլորտի պատասխանատուները շարունակեցին հավաստիացնել, որ բանակցությունները շարունակվում են, եւ վերոնշյալ համաձայնագիրը վերջնական չէ:

Եվ վերջապես, «գազային» սերիալի «ամենահուզիչ» պահը վարչապետ Անդրանիկ Մարգարյանի եւ հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի միմյանց հակասող հայտարարություններն էին նույն օրվա ընթացքում: Եթե առաջինը, հերթական անգամ վկայակոչելով բանակցությունների շարունակվելը, ասաց, որ այստեղ ոչինչ նոր չկա, ապա Սերժ Սարգսյանի հայտարարությունից այն տպավորությունը ստեղծվեց, որ գազի սակագինը կարող է եւ այլ լինել, քան 110 դոլարն է: Մատնանշվեց նաեւ հերթական ժամկետըՙ մինչեւ մարտի վերջ:

Ամենազավեշտալին այս պատմության մեջ այն է, որ եթե սերիալները ունենում են տրամաբանություն եւ բովանդակություն, թեկուզ եւ շատ պարզունակ, ապա «Հայ-ռուսական գազային բանակցություններ» անվանումով սերիալն ու դրա վերաբերյալ բարձրաստիճան անձանց հայտարարությունների, մեկնաբանությունների ու կանխատեսումների մեջ տրամաբանությունն իսպառ բացակայում է:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4