Այսօր «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում կբացվի առեւտրի ֆինանսավորման միջազգային բանկային կոնֆերանսը, որը կտեւի մինչեւ մարտի 30-ը: Կոնֆերանսը նախաձեռնել եւ հովանավորել են Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) եւ «Հայէկոնոմբանկը»: Մասնակիցների թվում են ինչպես արտասահմանյան հայտնիՙ «Սիթի», «Ֆրանկֆուրտ», «Լլոյդ» եւ այլ բանկերը, այնպես էլ հայաստանյան բանկերը, ՀՀ կենտրոնական բանկը, առեւտրի եւ տնտեսական զարգացման, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունները, Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունը, Հայաստանի բանկերի միությունը, մեր տնտեսության տարբեր ճյուղերը ներկայացնող ճանաչված մասնավոր ընկերությունները:
Կոնֆերանսում քննարկվելիք թեմաներն են Հայաստանում առեւտրի ֆինանսավորման առանձնահատկությունները, ներմուծման եւ արտահանման կառուցվածքը, ՎԶԵԲ-ի առեւտրի խթանման ծրագիրը, բանկերի համագործակցությունը ներմուծման եւ արտահանման ոլորտում, խոշոր առեւտրային ֆինանսավորման պահանջներն ու հնարավորությունները եւ այլն: Հայաստանյան բանկերի եւ ընկերությունների համար կանցկացվի սեմինար երկուՙ «Առեւտրի ֆինանսավորման ծրագրերի ազդեցությունը տարբեր երկրների առեւտրի վրա» եւ «Առեւտրի խթանման ծրագրի կիրառում եւ աջակցություն տնտեսվարող սուբյեկտներին» թեմաներով:
Ա. Մ.