Ձմեռային դադարից հետո Գյումրու կենտրոնական հրապարակում վերսկսվել են քաղաքապետարանի վարչական շենքի կառուցման շինարարական աշխատանքները: Նոր կառույցը հառնելու է քաղգործկոմի նախկին, երկրաշարժից տուժած ու քանդված շենքի տեղում, ըստ հավաստումներիՙ նախկինին մոտ նախագծով:
Օբյեկտի շինարարությունը մեկնարկել է մոտ երկու տարի առաջ, բայց մինչեւ այժմ հիմնային աշխատանքների փուլում է: Պատճառը համայնքային բյուջեի սուղ հնարավորություններն են, որից, ինչպես տեղեկացրեց քաղաքապետարանի լրատվական ծառայության ղեկավար Լիլիթ Աղեկյանը, 2004 թվականին այս նպատակով հատկացվել էր ընդամենը 30 մլն, իսկ 2005-ինՙ 50 մլն դրամ: Ընթացիկ տարին կառույցի շինաշխատանքների համար բեկումնային է լինելու: Հանրապետության նախագահի կարգադրությամբ կառավարությունն այս տարի առաջին անգամ 250 մլն դրամ է տրամադրել պետական միջոցներից: 100 մլն դրամ էլ նախատեսված է հատկացնել տեղական բյուջեից:
Երեք նոր մեքենաՙ քաղաքի մաքրության համար
Գյումրու նման քաղաքի համար մեր օրերում իրադարձություն կարող է լինել նաեւ նոր աղբատար մեքենաների ստացումը: Ռուսաստանից բերված «ԶԻԼ» մակնիշի երեք այդպիսի մասնագիտացված բեռնատարներ շաբաթ օրը կանգնեցին Գյումրու քաղաքապետարանի շենքի առջեւ: Ինչպես տեղեկացրեց քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, դրանք ձեռք են բերվել Ամերիկայում բնակվող, ծնունդով գյումրեցի գործարարի տրամադրած միջոցներով, սանմաքրման նոր ընկերություն հիմնելու նպատակով: Նախատեսվում է առաջիկայում մեքենաների թիվը համալրել եւս 2-ով:
Աղբահանության կարգավորումն այսօր Գյումրու կոմունալ տնտեսության ցավոտ եւ չլուծված հարցերից մեկն է, չնայած նախկին 1-ի փոխարեն վերջին տարիներին քաղաքում գործում է սանմաքրման 2 մասնագիտացված ձեռնարկություն: Մնում է հուսալ, որ ժամանակակից տեխնիկայով զինված երրորդ նման ընկերության ստեղծումը, ինչպես նշում է քաղաքապետը, կխթանի մրցակցությունը եւ այլ անհրաժեշտ քայլերի հետ կնպաստի քաղաքի առայժմ ոչ նախանձելի սանիտարական վիճակի աստիճանական բարելավմանը: Առավել եւսՙ եթե իրականություն դառնա այստեղ աղբի վերամշակում կազմակերպելու ճապոնացիների հետ քննարկվող ծրագիրը:
Գ. Մ.