«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#53, 2006-03-24 | #54, 2006-03-25 | #55, 2006-03-28


ՍՈՎԱՄԱՀՈՒԹՅԱՆ, ԹԵ՞ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ Է ԴՐԴՈՒՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ

81-ամյա միայնակ թոշակառուն զրկվել է ընտանեկան նպաստից

Սեդա Օհանյանը սոցիալական ծառայության Մալաթիա-Սեբաստիայի բաժանմունքից հասնելով տունՙ Սեբաստիա փողոցի 24 շենքի 9 բնակարան, զգաց, որ դժվարությամբ է տիրապետում իրեն եւ ինքնազգացողությունը վատանում է: Օգնության հասան հարեւանները, բժիշկ կանչեցին եւ անհրաժեշտ առաջին օգնություն ցույց տվեցին: Սակայն միայնակ թոշակառուին պատճառած ցավը նրանք, բնականաբար, չկարողացան ամոքել:

Սեդա Օհանյանը դարձավ կենսաթոշակների բարձրացման հերթական զոհը: Ստանալով 1000 դրամով ավելի կենսաթոշակ, նա զրկվեց 7000 դրամ ընտանեկան նպաստից: Այդ մասին Սեդա Օհանյանին հայտնեցին «Փարոս» ծառայության գրասենյակում, ինչն էլ նրա ինքնազգացողության վատացման պատճառ դարձավ: Սակայն ամենասարսափելին միայնակ թոշակառուի համար այն է, թե ինչպես է շարունակելու ապրել 10800 դրամ կենսաթոշակով: Դրա ո՞ր մասն է վճարելու կոմունալ վճարների համար, ո՞րը սնվելու, որո՞վ դեղորայք գնելու: Առանց այդ էլ մինչ այդ ստացվող 16 հազար դրամը չէր բավարարում անգամ վերոնշյալ նվազագույն պահանջներին:

Հարցեր են առաջանում, որոնց պատասխաններն ակնկալում ենք ստանալ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից եւ նրա ստորաբաժանումների աշխատակիցներից: Ինչպե՞ս է որոշվում կարիքավորության աստիճանը, ովքե՞ր կարող են այդպիսին համարվել, եթե 81-ամյա միայնակ կենսաթոշակառուն դրա մեջ չի մտնում: Սա՞ է այդքան գովերգված ընտանեկան նպաստների ճիշտ հասցեականությունը: Կամ ինչպե՞ս կարող է այդ նույն միայնակ թոշակառուն գոյատեւել 10800 դրամով, երբ անգամ աղքատության նվազագույն սահմանը, համաձայն ազգային վիճակագրական ծառայության նոր ուսումնասիրությունների արդյունքների, 19 հազար դրամ է: Անգամ եթե 10800 դրամին ավելացնենք 7 հազար դրամ ընտանեկան նպաստը, ապա միեւնույն է, աղքատության նվազագույն սահմանագծին չի հասնի: Այսինքն, կարող ենք պնդել, որ տվյալ դեպքում պետությունը կամա թե ակամա իր քաղաքացուն դրդում է կամ սովամահության, կամ ինքնասպանության: Եթե որեւէ պաշտոնյա փորձի առարկել սրան, ապա նախապես առաջարկում ենք սեփական փորձի վրա «համտեսել», թե ինչ է նշանակում ապրել ամսական 10800 դրամով:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4