Արդեն բարի ավանդույթ է դարձել տարին մեկ անգամ Խնկո Ապոր գրադարանում կազմակերպվող մանկական գրքի, երաժշտության շաբաթը: Գրողների Միության հետ համատեղ կազմակերպվող միջոցառումները առիթ են, որ բարձր տեխնոլոգիաներից ազատորեն օգտվող մեր դպրոցահասակ երեխաները չկտրվեն ազնվագույն արվեստից` գրականությունից: Գրքի շաբաթին զուգահեռվող երաժշտության շաբաթը եւս իր պահանջարկն ունի, քանի որ երեխաները շատ քիչ հնարավորություն ունեն լսելու հենց իրենց համար գրված երաժշտություն: Երեկ Խնկո Ապոր մանկական գրադարանի դահլիճում բացված շաբաթը ուղեկցվեց գրադարանի նկարչական եւ օրիգամների խմբակների սաների աշխատանքների ցուցահանդեսներով, նոր ստենդների ներկայացմամբ: Գրքի շաբաթն այս տարի նշվում է ուսանելի միջոցառումների ցանկով, որոնց թվում են Նանսեն Միքայելյանին, Խաչատուր Ավետիսյանին, Հայկ Խաչատրյանի 80-ամյակին նվիրված ցերեկույթները, պոեզիայի ժամը, «Շունն ու կատուն» ստեղծագործության 120-ամյակի առթիվ անգլերեն տարբերակի ներկայացումը, Գրքի շնորհանդես-ցերեկույթը եւ այլն: Մանկական գրքի շաբաթի հանդիսավոր ավարտը` հանդիպումը գրողների հետ, տեղի կունենա Գավառում:
«Այսօր գրախանութներում հազար տեսակ գիրք ու անգամ ծամածռություններ են լցրել, որոնց բերած վտանգներից երեխաներին զերծ պահելը ծնողների խնդիրն է: Առավել տխուր է հեռուստատեսությունների մատուցած արջի ծառայությունը: Բացի այդ, հենց գրականության դասագրքերում քամահրանք կա ժամանակակից մանկագիրների նկատմամբ, քանի որ ուղղակի զրկված են նրանց արժանավոր ստեղծագործություններից: Տպավորություն ունեմ, որ դասագիրքը երեխայի հոգու հետ չխոսող գրականություն է: Նաեւ գտնում եմ, որ անիրավացիորեն անտեսված են մեր ժամանակակից մանկագիրները, որոնք շատ չեն` 10-15 հոգի, բայց տարվա մեջ միայն այս մի քանի օրն են հիշվում: Մինչդեռ ամենադժվար ժանրն է մանկականը, քանի որ յուրաքանչյուր գրող իր հոգում պետք է պահպանած լինի մանկան ազնիվ, բնական անաղարտ մտածողությունը», ասաց մանկագիր Էդվարդ Միլիտոնյանը:
Ս. Մ.