«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#54, 2006-03-25 | #55, 2006-03-28 | #56, 2006-03-29


ՕՍԿԱՆՅԱՆ. «ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ԲԱՔՎԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՔԱՅԼԵՐԻՆ»

Թաղիզադե. «Ամենամեծ քայլն արել ենք»,
Մեհտիեւՙ «Մեղավորն Իլհամ Ալիեւն է»

Այսպես կոչված Պրահայի գործընթացի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հարցին նվիրված բանակցությունների մասնակից, ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանն օրերս հայտարարեց, որ 2006 թ. հակամարտության լուծման հնարավորությունները նվազել են: «Ստամբուլի մարտի 20-ի հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դեռ չեն հայտնել իրենց առաջիկա քայլերի մասին», ասաց նա լրագրողների հետ զրույցի պահին:

Բաքվի «Էխո» թերթը մեջբերում է Օսկանյանի այն խոսքերը, որ Հայաստանն իր կողմից շատ բան է արել կարգավորմանը նպաստելու համար: «Այժմ մենք սպասում ենք Բաքվի համապատասխան քայլերին», ասել է Օսկանյանը:

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն իր հերթին հայտարարել է, որ կարգավորման բանակցությունները շարունակվում են եւ դեռ փակուղի չեն մտել: ՀԿ առաջնորդը լրագրողներին ասել է, որ բանակցությունները պետք է շարունակվեն, քանզի ռազմական գործողությունների վերսկսումը չի բխում Հայաստանի եւ ԼՂ-ի շահերից: «Արմինֆո» գործակալությունը մեջբերում է վարչապետի այն խոսքերը, որ հակամարտության լուծման մեթոդներից մեկը Լեռնային Ղարաբաղի անկախության պաշտոնական ճանաչումն է Հայաստանի կողմից:

Ադրբեջանի ԱԳՆ տեղեկատվական քաղաքականության եւ մամուլի վարչության պետ Թայիր Թաղիզադեն այս երկու հայտարարությունների կապակցությամբ «Էխոյի» թղթակցին ասել է, որ ինքը սխալ է համարում Օսկանյանի այն պնդումը, թե Հայաստանը հնարավոր ամեն ինչ արել է հաշտության բանակցությունների համար եւ հիմա խոսքն Ադրբեջանի պատասխան քայլերի մասին է: «Ադրբեջանը վաղուց արել է ամենամեծ պատասխան քայլը եւ մնում է նույն դիրքում: Նկատի ունեմ, որ չնայած օկուպացման եւ ագրեսիայի շարունակվող փաստին, մենք մնում ենք հաշտության բանակցությունների կողմնակիցներ: Ինձ նմանապես անօգուտ է թվում նաեւ այն արտահայտությունը, թե հակառակ դեպքում Հայաստանը կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը», ասել է Թաղիզադեն:

Նրա խոսքերով, այդ ամենն արվում է «հանուն ներքաղաքական շահերի, եւ նման արտահայտությունները, շատ-շատ մեղմ ասած, չեն նպաստում հաշտության բանակցությունների առաջընթացին»:

Առավել իրատեսական է հնչում Խաղաղության եւ հակամարտությունների լուծման կենտրոնի ղեկավար Էլխան Մեհտիեւի խոսքը: «Երբ Օսկանյանն ասում է, որ հայերն ամեն ինչ արել են փոխզիջման կամ հաշտության պայմանագրի համար, նկատի ունի, որ Հայաստանը պատրաստ է Լեռնային Ղարաբաղի մերձակա յոթ գրավյալ շրջաններից զորքը դուրս բերել բուն ԼՂ-ում անկախության հանրաքվեի անցկացման հնարավորության դիմաց: Ըստ իմ դիտարկումների (եւ ինձ համամիտ են շատ փորձագետներ), Իլհամ Ալիեւը դրան համաձայն էր մինչեւ 2005 թ. վերջին ընտրությունները: Բայց դրանցից հետո եւ հատկապես Ռամբույեի հանդիպման նախօրեին նա խստացրեց դիրքորոշումը եւ արեց այնպիսի կոշտ հայտարարություններ, որոնք չէին համապատասխանում վերջին երկու տարվա բանակցություններիՙ Պրահայի գործընթացի ոգուն: Ավելին, մեր նախագահի խոսքերն ի վերջո հակասեցին նույնիսկ հակամարտությունը խաղաղ լուծելու մտադրությանը», ընդգծում է Մեհտիեւը, Օսկանյանի թերահավատությունը բացատրելով հենց Ալիեւի վարքագծի փոփոխությամբ:

Մեհտիեւի կարծիքով, միմյանց ահաբեկելը դժվար թե որեւէ օգուտ տա: Իլհամ Ալիեւը չպետք է կոշտացնի դիրքորոշումը, քանի որ դա կհանգեցնի աշխարհում Ադրբեջանի վերաբերյալ բացասական կարծիքի ձեւավորմանը եւ «կարող է նույնիսկ ձախողել բանակցությունները, ուժեղացնել Հայաստանի դիրքերը»:

Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4