«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#54, 2006-03-25 | #55, 2006-03-28 | #56, 2006-03-29


ՍԽԱԼ Է ՂԱՐԱԲԱՂԸ «ԳՈՐՇ ՏԱՐԱԾՔ» ՀԱՄԱՐԵԼԸ

Ապացուցվել է ՍԾՏՀ ԽՎ հանձնաժողովի նիստում

Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում (ՍԾՏՀ ԽՎ) Հայաստանը մինչ այժմ ուներ երկու ղեկավար պաշտոն զբաղեցնող ներկայացուցիչՙ Գագիկ Մինասյանը զբաղեցնում էր տնտեսական, արդյունաբերության եւ բնապահպանության, Վլադիմիր Բադալյանըՙ սոցիալական եւ մշակույթի հարցերի հանձնաժողովների նախագահների տեղակալների պաշտոնները: Մարտի 21-22-ին Բուխարեստում տեղի ունեցած ՍԾՏՀ տնտեսական, արդյունաբերության եւ բնապահպանության հարցերի հանձնաժողովի հերթական նիստում Հայաստանի ներկայացուցչի փոխարեն ընտրվել է Ռումինիայի ներկայացուցիչը, քանի որ կանոնակարգի փոփոխությամբ երկրին մեկ ղեկավար պաշտոն է տրվում: Բացի այդ, լրացել է նաեւ Մինասյանի պաշտոնավարման երկու տարին: Եթե Հայաստանի պատվիրակությունում փոփոխությունը պաշտոնի կապակցությամբ է եղել, ապա Ադրբեջանը, խորհրդարանական ընտրություններով պայմանավորված, ներկայացել է նոր կազմով եւ առաջին անգամ, անկախ քննարկվող հարցերի բովանդակությունից, փորձ չի արել այն անպայմանորեն կապել Լեռնային Ղարաբաղի խնդրին:

ՍԾՏՀ ԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանի տեղեկացմամբ նիստում քննարկված Սեւծովյան տարածաշրջանում տնտեսական հանցագործությունների դեմ պայքարում համագործակցության հարցի առնչությամբ եղել է միայն մեկՙ վրացական կողմի առաջարկությունը: Այն էՙ «գորշ տարածքները» տնտեսական հանցագործության գլխավոր դրսեւորումներից համարել: Որպես այդպիսին ներկայացվել են հետկոնֆլիկտային տարածքներըՙ Աբխազիայում եւ նախկին Հարավ-օսական ինքնավար մարզում, որտեղ տեղակայված անօրինական շուկաներում ապօրինաբար շրջանառվում է օտարերկրյա արժույթը: Ի վերջո տեքստում ձեւակերպումը փոխվել է եւ կոչվել «զգայուն տարածք», ինչը ի տարբերություն «գորշ տարածքների» միջազգայնորեն ընդունված տերմին չէ: Առաջարկից բխող փոփոխություն է ներմուծվել ՍԾՏՀ անդամ երկրներին տրվող հանձնարարականումՙ առաջնորդվելով 2005-ի դեկտեմբերին ԵԱՀԿ նախարարների խորհրդի Լյուբլյանայում ընդունած փաստաթղթով նպաստել տարածաշրջանում այսպես կոչված զգայուն տարածքների խնդիրների կարգավորման խաղաղ ուղիների փնտրտուքին:

Վրացական կողմի առաջարկին անմիջապես արձագանքելն աննպատակահարմար գտնելովՙ Գագիկ Մինասյանն իր ելույթում անդրադարձել է տարածաշրջանում տնտեսական հանցագործությունների հնարավորությանը, մասնավորապես Հայաստանում առկա այդ ուղղվածության խնդիրներին եւ իշխանության դրա դեմ պայքարին: Ադրբեջանական կողմի ելույթը եղել է արդեն ավանդական դարձած տարածքների եւ փախստականների մասին, ինչին Մինասյանը հակադարձել է արտահերթ ելույթով, որում ներկայացրել է Լեռնային Ղարաբաղը «գորշ տարածք» չհամարելու բոլոր հիմքերն ու անդրադարձել Հայաստանի շրջափակմանը որպես Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացվող տնտեսական հանցագործություն:

Թռչնագրիպի դեմ տարածաշրջանային պայքարի հարցը հրատապ կարգով ընդգրկվել է օրակարգ: Քննարկման ընթացքում ՀՀ գյուղփոխնախարար Գագիկ Խաչատրյանի ներկայացրած Հայաստանի փորձըՙ կանխարգելիչ գործողությունները կատարել հենց թռչնի իմունիտետը բարձրացնելով, հետաքրքրել է նիստի մասնակիցներին: Հարցին առնչվող հանձնարարականի ձեւակերպումը հետաձգվել է մինչ հունիսին Հայաստանում կայանալիք ՍԾՏՀ ԽՎ նիստը:

Ն. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4