Ամեն տարի ապրիլի 24-ից առաջ որոշ թուրք դիվանագետներ ու պաշտոնյաներ հայտնվում են Միացյալ Նահանգներումՙ խոսելու ընդդեմ Հայոց ցեղասպանության ճանաչման: Այս տարին եւս բացառություն չէ: Ինչպես հաղորդում է «Կալիֆոռնիա կուրիեր» թերթը, մինչեւ ապրիլի 24-ն այս տարի «Հարավային Կալիֆոռնիա» համալսարանում (USC) 5 թուրք պաշտոնյաներ ծրագրում էին անցկացնել կոնֆերանսՙ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին թուրքերի, քրդերի եւ հայերի ողբերգությունը լուսաբանելու համար:
Միջոցառմանը նախատեսվում էին Հայոց ցեղասպանությունը ժխտող երկու թուրք նախկին դեսպաններ Գյունդուզ Աքթամի եւ Օմեր Լուտեմի ելույթները: Վերջիններս ցեղասպանությունը ժխտող իրենց ելույթները ներկայացրել էին բնավ ոչ այդպիսին, վերտառություն ընտրելով «Փոքրամասնություններն Օսմանյան կայսրությունում» տարբերակը: Նման վարվելաձեւն էլ պատճառ էր դարձել, որ հիշատակված համալսարանի ղեկավարությունը չեղյալ հայտարարի կոնֆերանսի անցկացումը: Այս մասին ավելի մանրամասնՙ «Ազգի» հետագա համարներից մեկում:
Ա. Հ.