Ներդնողներին խոչընդոտողը Հայաստանի ներդրումային վարկանիշի բացակայությունն է
«Կոնֆերանսը հնարավորություն կտա հայկական բանկերին եւ ընկերություններին ձեռք բերելու միջազգային փորձ, իսկ միջազգային եւ արտասահմանյան ընկերություններին կներկայացնենք Հայաստանի բանկային համակարգն ու տնտեսության վիճակը: Դա, հուսով ենք, կբերի երկրի արտահանման ծավալների եւ ներդրումների ավելացման, ռիսկերի նվազեցման»: Երեկ, խոսելով Երեւանում բացված առեւտրի ֆինանսավորման միջազգային բանկային կոնֆերանսի նպատակների մասին, նշեց «Հայէկոնոմբանկի» գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը: Կոնֆերանսին, որը նախաձեռնել էին Վերականգնման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) եւ նրա գործընկեր «Հայէկոնոմբանկը», մասնակցում էին տասնյակ արտասահմանյան բանկերի, ընկերությունների, հայկական գրեթե բոլոր բանկերի, այլ ընկերությունների, պետական կառույցների ներկայացուցիչներ:
Բացելով կոնֆերանսը, Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանն ընթերցեց ՀՀ նախագահի ուղերձը, որտեղ մասնավորապես կարեւորվում էր, որ նման միջոցառում նախաձեռնողն ու անցկացնողը ոչ թե պետական կառույցներից որեւէ մեկն է եղել, այլ մասնավոր հատվածըՙ հանձինս Եվրոբանկի եւ «Հայէկոնոմբանկի»:
ՎԶԵԲ տնօրեն Մայքլ Դեւին իր ելույթում հայտնեց, որ Եվրոբանկը ներկայումս աշխատում է հայկական 4 բանկերի հետ, իրականացնելով 20 մլն եվրոյի ծրագրեր: Այդ գումարներով վարկեր են տրամադրվել դեղագործության, թեթեւ արդյունաբերության, էներգետիկայի, ապահովագրության ոլորտներում: Եվրոբանկի տնօրենի կարծիքով, Հայաստանի բանկային համակարգը փոքր է, բայց կայացած է եւ դինամիկ զարգացում է ապրում: Այդ հանգամանքը նկատի ունենալով, այս տարի նախատեսվում է իրականացնել եւս 20 ծրագիրՙ 40-50 մլն եվրո ընդհանուր արժողությամբ: Միաժամանակ Մայքլ Դեւին ընդգծեց, որ Հայաստանի ներմուծման եւ արտահանման վրա բացասաբար է ազդում տարածաշրջանի քաղաքական միջավայրը:
Հայաստանում առեւտրի ֆինանսավորման առանձնահատկությունները, մասնավորապես հարկային եւ մաքսային օրենսդրությունը ներկայացրեց ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Դավիթ Ավետիսյանը, Հայաստանի բանկերի դերին ու խնդիրներին անդրադարձավ ԿԲ խորհրդի անդամ Վարդան Մովսիսյանը: Առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Տիգրան Դավթյանը խոսեց Հայաստանի արտահանման եւ ներմուծման կառուցվածքի եւ Հայաստանի վճարային հաշվեկշռի մասին: Նա այն կարծիքը հայտնեց, թե Հայաստանն ունի փոքր շուկա եւ նրա տնտեսությունը պետք է ունենա արտահանման ուղղվածություն: Այդ հանգամանքը նկատի ունենալով էլ, արտահանումն ազատված է հարկերից եւ տուրքերից: Դրա արդյունքում, ինչպես նշեց փոխնախարարը, վերջին տարիներին Հայաստանից արտահանումը տարեկան 15-30 տոկոս աճ է արձանագրում: Նա հույս հայտնեց, որ ի վերջո այդ միտումը կհանգեցնի նրան, որ ներմուծման-արտահանման բացասական հաշվեկշիռը կփակվի: Տիգրան Դավթյանը հայտնեց, որ եթե նախկինում արտահանում-ներմուծում հարաբերակցությունը 1-ի դիմաց 3 էր, ապա հիմա այդ հարաբերակցությունը 1-ը 2-ի դիմաց է:
Լրագրողների համար տրված կարճատեւ ասուլիսի ժամանակ «Հայէկոնոմբանկի» գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը նշեց, որ միակ խնդիրը, որ հուզում է օտարերկրյա բանկերին եւ այլ կազմակերպություններին, այն է, որ որոշված չէ Հայաստանիՙ որպես երկրի ներդրումային վարկանիշը: Այս կապակցությամբ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը տեղեկացրեց, որ երկրի ներդրումային վարկանիշը որոշող երեք միջազգային կազմակերպություններ կան, եւ Հայաստանը ներկայումս բանակցություններ է վարում դրանցից երկուսի հետ: Այդ կազմակերպությունների ներկայացուցիչներն արդեն աշխատում են Հայաստանում եւ նրանց ուսումնասիրությունների ավարտից հետո, ենթադրաբար 2-3 ամսից, Հայաստանը կստանա այդ վարկանիշը: «Ինչպիսի՞ն կլինի այդ վարկանիշը» հարցին ԿԲ նախագահը պատասխանեց, որ չի կարող որեւէ երաշխիք լինել, որ կլինի դրական կամ բացասական, «պետք է լինի օբյեկտիվ»:
Միջազգային կոնֆերանսը այսօր եւ վաղը կշարունակվի:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ