Հայաստանի անշարժ գույքի կադաստրում քննարկվեց շվեդական փորձը
Շվեդիայում պետական կամ հասարակական կարիքների համար տարեկան 4-5 հազար գործարք է կնքվում անշարժ գույքը դրա սեփականատերերից հետ վերցնելու վերաբերյալ, իսկ փոխհատուցման գումարները հասնում են տարեկան մինչեւ 30 մլն դոլարի: Այս մասին երեկ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում տեղի ունեցած հայ-շվեդական համատեղ սեմինարի ժամանակ հայտնեց շվեդական կողմի ներկայացուցիչ Հոկան Ֆակսելվը:
Սեմինարի նպատակն էր պետական կարիքների համար անշարժ գույքը հետ վերցնելու շվեդական փորձին ծանոթանալը: Բացելով միջոցառումը, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանը նշեց, որ պետական կարիքների համար վերցվող անշարժ գույքի գործընթացը երեքՙ քաղաքաշինական, իրավական եւ փոխհատուցման ուղղություններ ունի: Սակայն սեմինարում քննարկվեցին միայն վերջին երկու ուղղությունները, քանի որ առաջինըՙ քաղաքաշինականը միայն քաղաքապետարանի խնդիրն է: Կոմիտեի նախագահը, վկայակոչելով Երեւանի քաղաքապետարանից ստացված տվյալները, տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ արդեն իրացված եւ կառուցապատվող տարածքներում անշարժ գույքի սեփականատերերի հետ կնքվել են 1280 պայմանագրեր, որոնցից միայն 40-ն են դժգոհություն արտահայտել ստացած փոխհատուցումից:
Ինչ վերաբերում է շվեդական փորձին, ապա Հոկան Ֆակսելվը հայտնեց, որ անշարժ գույքը հետ վերցնելու մասին առաջին օրենսդրական ակտը Շվեդիայում ընդունվել է 1744 թ.-ին, իսկ առաջին անգամ իրագործվել է 1840 թ.-ին: Ներկայիս օրենքն ընդունվել եւ գործում է 1972 թ.-ից: Երբ պետական կամ հասարակական կարիքների համար անշարժ գույք հետ վերցնելու անհրաժեշտություն է առաջանում, ապա դրանով զբաղվում են համապատասխան կառույցի աշխատակիցները: Կան առանձին գնահատողներ եւ բանակցողներ: Որպես կանոն փոխհատուցումից դժգոհությունները մեծ չեն լինում: Դժգոհողները եւ դատական ատյաններին բողոքարկողները կազմում են փոխհատուցում ստացածների 0,5 տոկոսը: Շվեդ մասնագետը հայտնեց, որ անշարժ գույքի սեփականատերերին, բացի գույքի շուկայական արժեքի փոխհատուցումից, տրվում է նաեւ տնտեսական փոխհատուցում: Շվեդական կողմից այս ծրագրի ղեկավար Յորան Իվերսոնն էլ ավելացրեց, որ, ըստ Եվրոմիության օրենսդրության, եթե կա պետական կամ հասարակական շահ, ապա անշարժ գույքը հետ է վերցվում համարժեք փոխհատուցմամբ:
Մանուկ Վարդանյանի այն հարցին, թե եղե՞լ են դեպքեր, երբ փոխհատուցումից դժգոհողների հարցը քննարկվի երկրի սահմանադրական դատարանում, Հոկան Ֆակսելվը պատասխանեց, որ Շվեդիայում սահմանադրական դատարան չկա: Սակայն հարցը կարող է հասնել մինչեւ կառավարություն, իսկ այստեղ չլուծվելու դեպքումՙ դատական ատյաններ:
Սեմինարի ընդմիջմանը Հոկան Ֆակսելվին հետեւյալ հարցն ուղղեցինք. «Եթե սահմանադրության մեջ նշված է, որ անշարժ գույքի հետ վերցնելը պետք է իրականացվի առանձին օրենքով, իսկ դա իրականացվում է քաղօրենսգրքի, հողային օրենսգրքի հոդվածներով եւ կառավարության որոշմամբ, ապա իրավական հակասություն չի՞ առաջանում»: Այս հարցին պատասխանելով, Հոկան ֆակսելվը այն կարծիքը հայտնեց, որ եթե բոլոր խնդիրները կարգավորվում են այլ օրենքներով կամ որոշումներով, ապա առանձին օրենք ընդունելու անհրաժեշտությունը չկա: Նա չբացառեց, որ կարող էր լինել առանձին օրենք, բայց բոլոր խնդիրները չկարգավորեր:
Ա. Մ.