«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#54, 2006-03-25 | #55, 2006-03-28 | #56, 2006-03-29


ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԽՌՈՎՔԸ ՄԵՂՄՎԵԼ Է, ԻՍԿ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻՆԸՙ ԴԵՌ ԱՆՈՐՈՇ Է

Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ֆադեյ Սարգսյանի դեմ ակադեմիայի հիմնարար գրադարանի տնօրեն, ակադեմիկոս Անրի Ներսիսյանի ներկայացրած մեղադրանքների իսկությունը ստուգող հանձնաժողովը շուտով կներկայացնի ստուգման արդյունքները: Նախագահությունում բնավ չեն կարծում, որ դրան անմիջապես կհաջորդի ակադեմիայի նախագահի հրաժարականը: Պարզապես ստուգումները լույս կսփռեն ֆինանսական չարաշահումների մասին արագորեն տարածվող ասեկոսեների վրա: Գիտությունների ակադեմիայի փոխնախագահ Էդուարդ Ղազարյանի ասելով, հանձնաժողովի կազմում ընդգրկված Ներսիսյանն արդեն հրաժարվել է իր ներկայացրած 12 հարցերի մի մասից, որոշների համար նույնիսկ ներողություն խնդրել:

Գիտության ոլորտի բարեփոխումների առաջ բերած խռովահույզ տրամադրությունների մեղմացումը փոխնախագահը բացատրում է գիտնականների համախմբմամբ: Ակադեմիայի նախագահության ստեղծած հանձնաժողովի մշակած գիտության բարեփոխումների հայեցակարգում կատարվել են լրացումներ, մասնավորաբար հաշվի են առնվել գիտնականների հասարակական խորհրդի առաջարկները, ու ներկա պահին պատրաստ է բարեփոխումների վերջնական փաստաթուղթը, որը շուտով կքննարկվի գիտության ու կրթության նախարարությունում, հետո կուղարկվի կառավարություն:

«Ակադեմիայի կարգավիճակի որեւէ փոփոխություն չի լինելու: Ակադեմիան մեր ազգային հարստությունն է, ակադեմիա ասելով մենք չենք հասկանում միայն նախագահություն եւ ակադեմիկոսներ, այլեւ գիտական մի ամբողջ կառույց: Ենթադրում ենք, որ ամենից առաջ պիտի բարելավվի գիտաշխատողի ոչ միայն սոցիալական վիճակը, այլեւ աշխատանքային պայմանները, որպեսզի գիտնականի ձեռքի տակ լինեն ժամանակակից սարքավորումներ, տրվեն գիտական հմտությունները զարգացնելու ու միջազգային գիտաժողովներին մասնակցելու միջոցներ: Այս ուղղվածությունը մեր հայեցակարգի հիմնական առանցքն է, որին հաջորդում է երիտասարդ տաղանդավոր գիտնականներին Հայաստանում պահելու ու բարձր աշխատավարձով ապահովելու խնդիրը: Այդ նպատակով նախատեսվում է ստեղծել «Երիտասարդ գիտնականների հիմնադրամ», որպեսզի հնարավոր լինի մրցութային հիմունքներով ամեն տարի նրանց ընտրել ու ակադեմիայի ինստիտուտներում բարձր աշխատավարձով աշխատանքի տեղավորել: Գլխավոր խնդիրներից է նաեւ գիտության, կրթության ու արտադրության ամուր կապի վերահաստատումը, քանի որ վերջին տարիներին դրանք նկատելիորեն մեկուսացել են: Կարծում ենք, որ նոր քայլ պիտի արվի ակադեմիայի տեղն ու դերը կարեւորելու առումով», նշեց Էդուարդ Ղազարյանը:

ՄԱԿ-ի փորձագետների խոր հուզումներ առաջացրած գիտության բարեփոխումների հայեցակարգը, նրա ասելով, պաշտոնական փաստաթուղթ չի համարվում: Չնայած մշակվել է կառավարության պատվերով ու ստացել կրթության ու գիտության նախարարի ստորագրությունը, այդ հայեցակարգն առ այսօր քննարկման չի դրվել, որովհետեւՙ «Բարձրացված աղմուկից վախեցած ՄԱԿ-ի փորձագետներն այդպես էլ իրենց հայեցակարգը չդրեցին քննարկման, սակայն կատարեցին որոշակի փոփոխություններ, որոնցից էականը ակադեմիայի կարգավիճակը փոխելուց հրաժարվելն էր: Թեպետ նրանք խուսափեցին քննարկումներից, բայց մենք արտահայտեցինք մեր անհամաձայնությունը նրանց տարբեր եզրահանգումների վերաբերյալ»:

Էդուարդ Ղազարյանի գնահատմամբ, այսօր կարեւոր է, թե ինչպես են մեր իշխանությունները պատկերացնում գիտության պահպանման ու հետագա զարգացման խնդիրները: Այդ տեսակետից գիտնականներին գոհացնում է այն փաստը, որ կառավարությունն այս տարի 3 անգամ պետք է անդրադառնա գիտության բարեփոխումների հարցին: Մայիսին կքննարկվի բարեփոխումների հայեցակարգը, սեպտեմբերինՙ դրանից բխող ծրագիրը, իսկ նոյեմբերին կկատարվեն համապատասխան օրենսդրական փոփոխություններ գիտության ու գիտատեխնիկական գործունեության մասին օրենքում:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4